Քվորումի խնդիրն էլ կվերանա

Քվորումի խնդիրն էլ կվերանա
Անցած հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, բացի կոալիցիա կազմելու խնդրից, քննարկման թեմա են եղել նաեւ օրենսդրական հարցեր, որոնք առնչվում են խորհրդարանում քվեարկության կարգին: Որովհետեւ, անկախ նրանից՝ ՀՀԿ-ն ունի ռեալ մեծամասնություն, թե ոչ, քվորումի խնդիր հայոց պառլամենտում միշտ կա: ՀՀԿ-ում համամասնականների մասով մտավախություն չունեն՝ նրանք առաջին իսկ կոչով ներկայացող են, խնդիրը մեծամասնականների հաշվով է: Բանն այն է, որ կարեւոր քվեարկությունների ժամանակ անչափ դժվար է նրանց սաունաներից, ռեստորաններից բերման ենթարկել, էլ չենք ասում դուբայներում արեւահարվելու նուրբ հանգամանքի մասին:



Այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանը հանձնարարական է տվել Դավիթ Հարությունյանին` «մի հատ նայել» եվրոպական օրենսդրությունը եւ մերը նույնպես ազատականացնել: Ասել է թե՝ հնարավոր դարձնել, որ պատգամավորը երբ վերջացնի սաունայում իր գործերը, վերկենա-գա պառլամենտ` քվեարկելու անհրաժեշտ-կենսական օրենքը:



Վատ չէ, իհարկե, պարզապես խնդիրն այն է, որ Գալուստ Սահակյանն այլեւս միայնակ է նստելու Աժ դահլիճում ու էլ ավելի է տրվելու մելանխոլիկ մտքերին: Երեկ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ քննարկումներ գնո՞ւմ են քվեարկության կարգը փոփոխելու հետ կապված: Վերջինս այսպես արձագանքեց. «Ինձ նման քննարկում ծանոթ չէ: Ես դրանից տեղյակ չեմ»:



Մեր դիտարկմանը, թե ինքն ուսումնասիրած կլինի այլ երկրների փորձը եւ կարո՞ղ է ասել, որ եթե փոփոխվի քվեարկության կարգը, դա Հայաստանում կաշխատի՞, թե՞ ոչ: «Նայած ինչ խնդիր ենք ուզում լուծել: Չեմ կարծում, որ մենք թռուցիկ նկարագրելով, կարող ենք պատասխան տալ՝ կգործի, թե ոչ: Այսինքն, պետք է հասկանանք, թե դա ինչ նպատակ է հետապնդում, ինչ վտանգներ է իր մեջ պարունակում, ինչ մեխանիզմներ կան վտանգները չեզոքացնելու համար»,-ասաց Դավիթ Հարությունյանը:



Այս զգուշավոր պատասխանից կարելի է ենթադրել, որ իրականում կա նման մտադրություն, եւ արդեն իսկ ուսումնասիրվել եւ վերլուծվել է միջազգային փորձը: Իսկ նման փոփոխության  թերեւս միակ նպատակը խորհրդարանում քվորում ապահովելն է, իսկ թե ինչ խնդիր կլուծեն կարգը փոփոխելով՝ պարզից էլ պարզ է: