Հրդեհի ճարակ՝ ՀՀԿ գրասենյակը

Հրդեհի ճարակ՝ ՀՀԿ գրասենյակը
Երեկ, օրվա երկրորդ կեսին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի տանիքում բռնկված հրդեհը մոտ մեկ ժամ անց հազիվ հաջողվեց մեկուսացնել: Բարեբախտաբար, տուժողներ չեղան (հրդեհը մարելիս մի հրշեջի ոտնաթաթն էր վնասվել միայն), բայց էականորեն վնասվեց ՀՀԿ գրասենյակը: Թեեւ հիմնականում այրվել էր տանիքի ծածկված մասը, սակայն հրդեհը մեկուսացնելիս ջրից վնասվել էին նաեւ աշխատասենյակները, գույքը, համակարգիչներն ու փաստաթղթեր: Թե ինչից էր բռնկվել հրդեհը, դեռեւս պարզ չէ, իրական պատճառները հայտնի չեն: Սակայն երեկ վարկածներ էին շրջանառվում, թե հրդեհի պատճառ կարող էր լինել շենքի տանիքում հոսանքալարերի վնասված լինելը: Հրդեհից անմիջապես հետո դեպքի վայր էր ժամանել 10 հրշեջ մեքենա: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի, ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի մասին ահազանգը ստացվել է 17:45-ին, եւ 17:52-ին հրշեջներն արդեն տեղում են եղել:



Դրանից մի քանի րոպե անց, հրդեհի ծավալների մեծ լինելու պատճառով, 10 հրշեջ հաշվարկ է ժամանել դեպքի վայր: 18:40-ին հայտարարվել է հրդեհի մեկուսացում, ապա նաեւ հրդեհաշիջում: Գաբրիելյանը դժվարացավ ասել, թե հրդեհն ինչից կարող էր բռնկված լինել: «Պատճառը հիմա ոչ ոք չի կարող ասել, պետք է հետազոտություն տարվի, հետագայում կասենք արդեն»,-լրագրողներին փոխանցեց Գաբրիելյանը:



Անվտանգության նկատառումներից ելնելով, դեպքի վայր էր ժամանել նաեւ 3 շտապօգնության մեքենա: Նշենք, որ հրդեհից րոպեներ անց գրասենյակի տարածք ժամանեցին մի շարք ՀՀԿ-ականներ, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով օրերս վթարի էր ենթարկվել, եւ վիրակապը դեռ ճակատին էր:



Ներկա էին նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մելիքյանը, Կամո Արեյանը,ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, դեպքի վայր ժամանեց նաեւ Հերմինե Նաղդալյանը, իսկ ամենավերջում, երբ հրդեհը մարված էր, եւ հրշեջներն արդեն հեռացել էին, ժամանեց ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանը:



Նշենք, որ վաղը՝ մայիսի 24-ին, ՀՀԿ գրասենյակում պետք է տեղի ունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ թերեւս պետք է կայացվեն այդքան սպասված կարեւոր որոշումներ. վերջիվերջո կազմվելո՞ւ է կոալիցիա, թե՞ ոչ, ով է գնալու ԱԺ, ով՝ կառավարություն: Շարմազանովի խոսքով, սակայն, այս հրդեհը չի խանգարի նիստին: «Գործադիր մարմնի նիստն անցկացվում է շենքի նկուղային հարկում, իսկ հրդեհը եղել է տանիքում»,-ասաց Շարմազանովը՝ ավելացնելով, որ այսօր դեռ կքննարկեն, թե որտեղ կանցկացնեն ԳՄ վճռորոշ նիստը: