ՀԱԿ-ից հեռացողների ու քննադատողների մասին

ՀԱԿ-ից հեռացողների ու քննադատողների մասին
Օրեր առաջ Երեւանի ծանոթներիցս մեկը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինչ-որ մարդիկ քննադատել են, թե Սուրեն Սարգսյանը ցուցակից նեղացավ-գնաց: Եթե ուշադիր կարդային գրածներս, կտեսնեին, որ Սուրեն Սարգսյանը հայտարարեց` ՀԱԿ-ի ցուցակն ինձ դուր չեկավ: Այսօր էլ եմ ասում` ինձ դուր չեկավ, հետո՞ ինչ: Հիմա, եթե ՀԱԿ-ից դուրս են գալիս անհատներ եւ կուսակցություններ, դա նշանակում է, որ ոմանք պիտի քննադատե՞ն այդ մարդկանց, այն մարդկանց, որոնք տարիների պայքարի մեջ են եղել եւ մշտապես լսել են հրամանատարի ` Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցումները: Հիմա ի՞նչ է եղել. այս մարդիկ պայքարը հասցրեցին տրամաբանական ինչ-որ մի հանգրվանի եւ այսօրից հետո որոշել են չմնալ ՀԱԿ-ի կազմում: Անհամեստություն թող չլինի, բայց ես թողեցի հեռուստատեսության իմ աշխատանքը, 2 հաղորդում, որ ունեի եթերում եւ, չակերտավոր ասած, նետվեցի կռվի դաշտ: Բոլորը գիտեն, որ այդ տարիներին իմ գրած հոդվածները հազարավորների քննարկման եւ խոսելու նյութ են եղել, եւ հիմա եկել է մի պահ, որ ՀԱԿ-ին իմ անդամակցությունն ավելորդ եմ համարում: Ինչ է, ես դրանով հանցա՞նք գործեցի, ես դրանով դավաճանեցի՞: Իսկ եթե հակառակն ասեմ` որքանո՞վ գեղեցիկ կլինի:



Եթե ճանապարհները բաժանվում են, դա չի նշանակում, որ պետք է մարդկանց վրա վայրահաչել: Էլ չեմ ասում` այսօր շատերը, որ Միքայել Հայրապետյանի ազնվությունն ու շիտակությունն այդպես էլ չեն ունենա (հիշեք վերջինիս հայտարարությունն ԱԺ ընտրություններից առաջ), հանդգնում են քննադատական խոսքեր ասել` իսկեւիսկ ծուռ հայելիների երկրի բնակիչների նման:



«Առաջնորդը» վերնագրով հոդված էի գրել: Հետո իմացա, որ  ՀՀՇ-ի որոշ կարկառուններ վերցրել են եւ ցուցադրաբար  հոդվածը գցել աղբարկղը: Ես, այդ ամենից անտեղյակ, հանդիպում եմ այդ նույն մարդկանց, վերջիններս մինչեւ ականջները հասնող ժպիտով բարեւում եւ ողջագուրվում են հետս, ու որեւէ մեկի տղամարդկությունը չի հերիքում իր անհամաձայնությունը կամ վրդովմունքը հայտնելու:



Հիմա ո՞րն է ճիշտ` ժպտերես սրիկայի պես սեփական անձդ էշի տե՞ղ դնես, թե՞ կարծիք արտահայտես: Ի դեպ, ասեմ, որ ՀՀՇ-ն հենց դրա համար էլ վարկաբեկվեց, երբ սկսվեց կռապաշտության հասնող անձի մեծարումը` չընդունելով ոչ մի քննադատություն: Այո, ես համաձայն չէի ցուցակի առաջին տեղերում որոշ մարդկանց լինելուն: Ցավով պիտի համաձայնեմ Ռուբեն Հայրապետյանի հետ. բա ամոթ չէ՞ր, որ Հայաստանում կեղծիքների նախահայր Գագիկ Ջհանգիրյանը՝ ոչ ավել, ոչ պակաս, հայտնվեց այդ ցուցակի պատվավոր տեղերից  մեկում: Ում դուրն ասածս չի գալիս` առնվազն ինքնախաբեությամբ զբաղվողի մեկն է:



Վերջիվերջո, եթե այդքան քննադատող եք, ինչո՞ւ չեք Դավիթ Շահնազարյանին քննադատում, ով բառացի ասաց` ես երկուսին էլ դեմ քվեարկեցի, չնայած Գարեգին Նուշիկյանը, ի տարբերություն Սուքիասյանների, ինքն իրենով կայացած գործարար է: Վերջապես, նաեւ կոչ եմ անում զբաղվել ոչ թե անպտուղ բամբասանքով, այլ կործանման եզրին հայտնված մեր պետականության մասին մտածող մարդկանց փնտրտուքով:



Իսկ ՀԱԿ պահվածքից իմ տպավորությունն այնպիսին է, որ սուսուփուս սպասում են, մինչեւ ՀՀ  դավադիր իշխանությունները, արհեստական պատերազմ հրահրելով, վերջնականապես ետ վերադարձնեն ազատագրված տարածքները: Եթե այդ ամենը մի օր իրականություն դառնա, ինձ համար միեւնույն է` թեկուզ Իլհամ Ալիեւը Հայաստանում իշխանության գա:



Տղերքի արյունը, զոհաբերությունները դնել խաղաքարտին, ավելին՝ վտանգել նոր երիտասարդ կյանքեր, մեր երեխաներին, որ այսօր սահման են պաշտպանում. ահա բախտախնդրությունն ու  դավաճանությունը, ստախոսությունն ու իրական մտքերը թաքցնելը: Այն, ինչ պիտի արվեր 2008-ին, հակված եմ մտածել, որ վերը նշված պատճառներից ելնելով, չարվեց: Թող ես սխալվեմ, ու թող ինձ քննադատեն, բայց այդ պատերազմում, ի տարբերություն շատ քաղաքական ու իրավաբան գործիչների, կռվել եմ ես, կռվել են ինձանից լավ տղերքը, եւ նրանք բոլորն իմ արյունակիցներն ու եղբայրներն են:



Պատերազմի տարիներից հետո ես, որպես լրագրող, իմ կոչմանն արժանի եմ մնացել, չեմ ծախել, չեմ նենգել, այսօր էլ Մոսկվայից եմ հոդվածներ  ուղարկում մեր ժողովրդի դառը կյանքի մասին: Եթե ՀԱԿ-ը հաղթեր 2008-ին, ես էլի՛ լրագրող էի մնալու, այսօր էլ եմ լրագրող, վաղն էլ այդպիսին եմ լինելու, իսկ ՀԱԿ անդամությունը 2008-ից հետո` ընդամենը պայքարը շարունակելու մի կարգավիճակ էր, որ համախմբեց շատերին: Այնպես որ, ճիշտ կլինի դատարկաբանություններից անցնել գործի:



Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ Մոսկվա