Մասնակցեցի մի միջոցառման, որտեղ գնում էին մեր ազգին

Մասնակցեցի մի միջոցառման, որտեղ գնում էին մեր ազգին
Հարցազրույց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան  Կարապետյանի հետ.



-Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը եւ արդյունքը:



- Իմ գնահատականն այն է, որ Հայաստանում ընտրություն չի եղել, այն, ինչ եղել է, ընտրություն չէր: Եթե ժամանակին կոմունիստները ժողովրդի ձեռքից հավատը վերցրեցին, ապա հիմա իշխանությունները խլեցին արժանապատվությունը: Ժողովուրդն ամբողջովին գնված էր: Ես նեղացած չեմ ժողովրդից, ես ցավակցում եմ ժողովրդին այսպիսի անարժանապատիվ վիճակում գտնվելու համար, որին նրան հասցրեց իշխանությունը: Ո՞նց կարող է մարդն անցնել իմ կողքով, մոտենալ-ասել՝ պարոն Կարապետյան, ես Ձեզ եմ ընտրելու, եւ գնա ու ձայնը փողով վաճառի իշխանությանը: Բայց, միեւնույն է, դրանից հետո ես սկսեցի ավելի շատ սիրել ժողովրդին:



- Ինչո՞ւ եք ավելի շատ սիրում, եթե ասում եք, որ վաճառեց իր արժանապատվությունը:



- Մեկ է՝ ավելի շատ եմ սիրում, քանի որ այս խղճուկ վիճակին նրանց հասցրեց իշխանությունը: Ինչպես ժամանակին թուրքն այնպես արեց, որ մարդիկ լքեն իրենց տները, հիմա էլ մարդիկ կորցրեցին իրենց արժանապատվությունը: Ինչու եմ ասում, որ կորցրեցին արժանապատվությունը. ժողովրդի 60 տոկոսը մի տեղից չէր փող վերցնում, վերցնում էր 2 կամ 3 տեղից: Փաստորեն, վերցնում էին եւ ՀՀԿ-ից, եւ ԲՀԿ-ից, եւ «Օրինացից»: Մարդն ինչքան էլ կարողանա տակից դուրս գալ, հարցը դա չի, նա խաբում է երեք տեղ: Վերցնելուց ասում է՝ ես ձեզ ձայն կտամ, բայց չի տալիս: Գուցե այդ մարդկանց արժե խաբել, դա չէ խնդիրը, բայց չէ՞ որ նա սովորում է խաբել: Մի գյուղում, որտեղ ես 11 տարվա ներդրում ունեի, որտեղից ակնկալում էի ամենաշատ ձայները, ամենաքիչ ձայնը ստացա: Դա է արժանապատվության կորուստը:



- Ո՞րն է այդ գյուղը, եւ ի՞նչ էիք արել 11 տարվա ընթացքում այդ գյուղի կամ գյուղացիների համար:



- Խոսքը Դվինի մասին է: Այդ գյուղին ինչով կարողացել՝ օգնել եմ: Չեմ ուզում մանրամասն ասել, թե ինչ եմ արել, ինչ չեմ արել, ես երեսով տվող չեմ, իրենք գիտեն: Բայց իշխանությունն ավելի շատ ուշադրություն դարձրեց այն գյուղերի վրա, որտեղ ես ուժեղ էի, եւ բոլորին գնեցին փողով: Բացի այդ, մարզպետը գյուղապետին սպառնում էր, որ եթե պարտվի, իրեն կնստացնի, գյուղացիներն էլ հանդես էին գալիս գյուղապետի փրկչի դերում:



Կամ վերցնում են այնպիսի բաներ, որը հեչ սազական չէ: «Օրինաց երկիրը» հեռախոսներ էր բաժանում, որ լայեղ չէիր անի ձեռքդ վերցնել, բայց մարդը վերցնում է, մտածում է՝ գոնե սա վերցնեմ, վերցնեմ այն, ինչ տալիս են: Սա ցավալի վիճակ է: Հետո, կուսակցություններն էլ են խաբում. «Բարգավաճը» գալիս-ասում է՝ մենք մեծամասնական թեկնածու չունենք, դու քո կողմնակիցներին ասա՝ քվեարկեն մեր օգտին, մենք մեր կողմնակիցներին կասենք քեզ ընտրեն:



Դու քո ժողովրդին տալիս ես նրանց, իրանք խաբում են: Հետո գիտեք ինձ ինչը շատ վշտացրեց շատ փիս. բոլորը փող են ուզում. վստահված անձը փող է ուզում, դիտորդը փող է ուզում, ընտրողը փող է ուզում: Ոնց որ մալի բազար լիներ. առաջարկներ կային, թե այսքան ձայն կա, կառնես, մեկը մեկին տալիս է, առնում է: Մի գյուղում 1700 ընտրող կար. ՀՀԿ-ն ասում է՝ ես առել եմ 1400 ձայն, ԲՀԿ-ն ասում է՝ 700 ձայն եմ առել, ո՞նց կարող է նման բան լինի: Որովհետեւ համատարած կաշառակերություն էր:



- Դուք որքա՞ն ձայն ստացաք:



-  Վեց հազար 800 ձայն:



- Չե՞ք համարում, որ արդեն լավ է, որ մի ընտրատարածքում կա այդքան մարդ, ում հնարավոր չէ կաշառել կամ պարտադրել:



- Ես չեմ համարում, որ իրենք չեն կաշառվել: Իրենց մի մասը կաշառվել է, իրենցից փող է վերցրել՝ ձայնը տվել է ինձ: Գյուղ է եղել, որ ես չեմ մտածել, որ այդտեղից ձայն կտանեմ, բայց ստացել եմ 500 ձայն, օրինակ Այգեձորը՝ Դվինից շատ, որտեղ 11 տարվա ավանդ ունեմ:



- Ոչ մի տեղ չհաղթեցի՞ք:



- Մի գյուղում, անունը չեմ ասի, ես հաղթում էի, այդտեղ «Բարգավաճն» ինձ էր օգնում: Բայց վերջում չերեզ Ծառուկյան, չերեզ ես չգիտեմ էլ ով այնպես արեցին, որ շուռ տվեցին, այդտեղ էլ կրեցին: Տոպրակներով փող էին բաժանում, սարսափելի փող բաժանեցին. ես մասնակցեցի մի միջոցառման, որտեղ գնում էին մեր ազգին, գնում էին ոչ թե մի անհատի կամ մի քանիսին, այլ բիրիքով:



- Ո՞վ էր կանգնած այդ ամենի հետեւում, ո՞վ էր կազմակերպում՝ մարզպե՞տը:



- Մարզպետն ամեն ինչ արեց թեկնածու Կարինե Պողոսյանի համար, նրա հետ այցելությունների էր գնում: Բայց նրանից վերեւ ՀՀԿ կենտրոնական շտաբն էր՝ Հովիկ Աբրահամյանը, Միքայել Մինասյանը:



- Դուք որքա՞ն գումար ծախսեցիք ընտրությունների վրա:



- Ոչ մի կոպեկ: Ես ընթացիկ ծախսեր եմ ունեցել. 200 դոլար տվել եմ օֆիսի համար, վառելիքի եւ մեր ընդմիջումների համար եմ գումար ծախսել:



- Վստահված անձանց չե՞ք վճարել:



- Չէ, չեմ վճարել. չեմ տվել, որովհետեւ իմ կոլեկտիվն է եղել: Տեղից 5-6 հոգի են եղել, մեր կուսակցության անդամները:



- Դուք խոսել էիք երկրից, քաղաքականությունից հեռանալու մասին, հաստատակա՞մ եք Ձեր որոշման մեջ:



- Ես դեռ որոշում չեմ ընդունել: Մտածում եմ քաղաքականությունից հեռանալու մասին, բայց դեռ չեմ որոշել: Ես համարում եմ, որ իմ մնալով վնաս եմ պատճառում, ցավ եմ պատճառում ժողովրդին: Իրենք ուզում են ինձ ձայն տան, բայց փողը վերցնում-ուրիշին են ընտրում: Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ կա ազնիվ ու արդար մարդկանց մի մեծ տոկոս, որովհետեւ մարդիկ զանգում են, ասում են, որ ստիպված են եղել, որ իրենց գլխին կանգնել են, որ իրենք քվեարկեն:



- Ընդդիմությունը Ձեզ չաջակցե՞ց:



- Ոչ, որովհետեւ ընդդիմություն չկա: Ընդդիմությունը կիրառական է, ընդդիմությանը պետք են մանդատներ, պետք են պորտֆելներ, ընդդիմությունը ցանկանում է բարիքներ: Տեսեք՝ նախկին ընդդիմադիր կուսակցապետերը գնացին-մտան ՀՀԿ, որովհետեւ ուզում են մանդատ ունենալ, իրենց լավ զգան, խաղից դուրս չլինեն:



Եթե ես դրսում ունեմ բիզնես, եթե ես ունեմ ապրելու իմ կերպը, իմ հնարավորությունը, իրենք չունեն: Դրա համար եմ մտածում քաղաքականությունից դուրս գալու մասին, սա իմ համար ապրուստ չի: Էլ չեմ խոսում ՀԱԿ-ի մասին, որն ընդհանրապես ընդդիմություն չի: Ընդդիմությունը պետք է լինեն միայն ազնիվ մարդիկ, իսկ ՀԱԿ-ում հավաքվել են նախկին կաշառակերներ, նախկին օլիգարխներ, ովքեր կաշառք են տվել, կաշառք են վերցրել իրենց ժամանակվա մեջ: Այդպիսի մարդիկ չեն կարող ընդդիմություն լինել: Ես ասում էի, որ ՀԱԿ-ը փլուզվելու է, եւ դուք դա տեսնում եք ու դեռ տեսնելու եք:



 - Ինչպե՞ս եք վերաբերվում ներկայումս ընթացող քաղաքական պրոցեսներին՝ կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ-ԲՀԿ բանակցություններին:



- Կոալիցիան նրա համար է, որ կուսակցություններն ունենան նախարարներ. եթե Ծառուկյանն ուզում է, որ առողջապահության նախարարին կամ էլի նախարարների ինքը նշանակի, ուրեմն պետք է մտնի կոալիցիա, բայց պետք է պարտավորվի, որ նախագահական ընտրություններում սատարելու է նախագահ Սարգսյանին: Բայց Ծառուկյանը շատ լավ գիտակցում է, որ ինքն ուրիշ առաքելություն ունի եւ չի կարող գնալ դրան: Փաստորեն, ՀՀԿ-ն ուզում է փչացնել «Բարգավաճին»: Նույն ՕԵԿ-ի պատմությունն է:



- Ի՞նչ առաքելության մասին եք խոսում, որ ունի Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն:



- Ես ոչինչ հստակ չեմ կարող ասել, Ծառուկյանն ինքը լավ գիտի: Այն ուժերը, որոնք մտան խորհրդարան, բոլորն էլ կապված են դրսի ուժերի հետ, «Բարգավաճը» եւ ՀԱԿ-ը՝ Ռուսաստանի, ՀՀԿ-ն՝ բոլոր երկրների, «Ժառանգությունը» եւ «Ազատ դեմոկրատները»՝ Արեւմուտքի: Էդ կապերն էլ են դեր խաղում:



- Չե՞ք կարծում, որ ժողովուրդը վերցրեց այդ փողը, քանի որ հոգնել էր կուսակցություններից, որոնք վերջին 20 տարում անընդմեջ խաբել էին իրեն՝ յուրաքանչյուրն իր ձեւով:



- Գուցե դա էլ կա, բայց եթե ժողովուրդն այդքան բարձր մոտիվներով էր առաջնորդվում, թող վերցներ փողը եւ բոլորին դեմ քվեարկեր: Բայց ժողովուրդն իր ձայնը վաճառեց: Նա դրանով մեզ հարվածի տակ դրեց. ոչխարի հոտը որ գնում է, վտանգավորը առաջին ու վերջին տասնյակն է. առաջինները կարող են անդունդն ընկնել, վերջինները՝ խժռվել:



Ժողովուրդը տեր չկանգնեց առջեւից գնացողներին, ինչո՞ւ պետք է մենակ ես ժերտվա գնայի, մենակ ես վրեժի զոհ դառնայի: Իմ ալիքի հաճախականությունը չեն դրել վաճառքի, որ հաղթողն իմ ունեցվածքը, իմ «պերեդատչիկը» չառնի. էդպես էլ են պատժում: Իսկ ժողովուրդը ժերտվա է տալիս նրանց, ովքեր իրեն սիրում են: Այդպես է եղել Նժդեհի, Զորավար Անդրանիկի եւ մեր մյուս մեծերի հետ:



- Հիմա էլ տեղի ունեցավ Ձեզ հետ:



- Ես չեմ ուզում համեմատվել այդ հանճարների հետ, համենայնդեպս իմ հարթության մեջ՝ այո: Ես 11 տարվա մեջ միայն մարդկանց լավություն եմ արել, բայց դա չգնահատվեց:



- Ձեր նախկին աշխատասենյակի պատից կախված էր մի լուսանկար, որտեղ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը միասին էիք: Ինչո՞ւ հիմա չկա այդ լուսանկարը, էլ չե՞ք կարեւորում Քոչարյանի հետ Ձեր ձեռքսեղմումը:



- Իմ սենյակում նման նկար չի եղել: Այդ նկարն արվել է, երբ Ռոբերտ Քոչարյանը եկել էր ԱԼՄ-ի բացմանը: Բայց այդ նկարն իմ կաբինետում երբեք չի եղել:



- Ես այն տեսել եմ Ձեր աշխատասենյակի պատից կախված:



- Ոչ, չեք տեսել, դա խաբկանք է, երեւի «տումանի» մեջ եք եղել: Իմ մոտ Աստծո նկարներ են: Ես ոչ մեկի խաչը չեմ պաչել, ոչ մեկի թրի տակով չեմ անցել:



 Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ