Գագիկ Ծառուկյան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը

Գագիկ Ծառուկյան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է.



«Սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ,



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ եւ իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում եւ ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:



Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես  իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:



Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն:  Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ եւ պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:



Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:



ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։



Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ եւ գործունյա խմբակցություն:  Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը:



Անկեղծորեն հաջողություն եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարությանը` ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի»: