Անսպասելի որոշում

Անսպասելի որոշում
Դե, ինչ, օրվա գլխավոր հարցի պատասխանն արդեն ունենք. կոալիցիա չի ձեւավորվում: Ծառուկյանը որոշեց պահպանել իր դեմքը եւ մեծացնել իր քաղաքական ռեսուրսը: Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի որոշում էր, քանի որ այս քաղաքական դեմքից ու նրա թիմից ոչ մի լավ բան չէի սպասում եւ կյանքն էլ ցույց էր տվել, որ նա որպես կանոն, «կոտրվողներից» է, քանի որ նախընտրում է իշխանության թեւի տակ ծվարած օլիգարխի կարգավիճակը: Բայց պարզվեց՝ մի թեթեւ սխալվել եմ (ով սխալական չի՞), փորձել եմ ամեն ինչ բացատրել տրամաբանության կանոններով: Այս մարդու մեջ փաստորեն նաեւ քաղաքական ամբիցիաներ կան՝ դրական իմաստով եւ իր հեղինակության ու իմիջի վրա աշխատելու կամք: Լավ է՝ ուրեմն ամեն ինչ վեջացած չէ: Ուրեմն մեզ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Դրանք, եթե փորձենք թվարկել, ապա այսպիսի պատկեր կձեւավորվի.



1.         Խորհրդարանն առաջիկայում ավելի հետաքրքիր է լինելու, այնտեղ ծավալվող վեճերն՝ ավելի թեժ, իսկ քաղաքական պայքարն՝ ավելի բուռն: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ձեւավորվելիք ճահիճը մենք չենք ունենա: ԲՀԿ-ն այլեւս կաշկանդված չի լինի կոալիցիոն գործընկերոջ բերած օրինագծերը քվեարկելու պարտադրանքով եւ կռիվ է տալու: Ինչպես նաեւ հնարավոր է համագործակցի մյուս քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ինչու չէ նաեւ՝ «Ժառանգության» հետ:



2.         Առաջիկա 6-8 ամիսներին քաղաքական պրոցեսները չեն մարելու երկրում եւ ՀՀ նախագահի պաշտոնի համար բուռն պայքար է ընթանալու: Անգամ եթե այդ պայքարի մյուս կողմում կանգնած է լինելու Ռոբերտ Քոչարյանը, ապա միեւնույնն է՝ նման պայքարը շատ ավելի օգտակար է երկրի համար, քան նախապես որոշված թեկնածուի անարգել հաղթանակը: Կոալիցիայի ձեւավորման դեպքում Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալը կանխորոշված էր լինելու, ուստի առանձնապես ջանք թափելու, երկրում ինչ որ փոփոխություններ անելու, կյանքը բարելավելու անհրաժեշտություն չէր լինելու, ինչը կարող էր կործանարար լինել մեզ բոլորիս համար:



3.         Մեզանում ռեալ ընդդիմություն ձեւավորվելու հեռանկար է բացվում: Թե այդ ընդդիմությունն ինչ տեսք կունենա, ովքեր կմտնեն դրա մեջ եւ ինչքանով կկարողանան հասարակության վստահությունը շահել, այլ հարց է: Բայց կոալիցիայի ձեւավորումը ուժեղ հարված կլիներ ընդդիմության դաշտին ու գաղափարին, ուստի լավ է, որ այն չկայացավ:



4.         Վերջապես, կառավարման, գործադիր իշխանություն ձեւավորելու ամբողջ պատասխանատվությունը կստանձնի մեծամասնություն կազմող ուժը՝ Հանրապետականը, ինչը կնշանակի, որ հինգ տարի անց կկարողանանք հստակ ասել, թե ով է պատասխանատու երկրի կործանման կամ բարգավաճման համար: ՀՀԿ-ն չի կարողանա խուսանավել եւ հայտարարել, որ երկրի վիճակի համար կոլեկտիվ պատասխանատվության ռեժիմ է գործել: Եւ վերջապես, թող աշխատեն ՀՀԿ-ականները եւ արդարացնեն իրենց 44 տոկոսը: Սա ավելի ազնիվ է եւ քաղաքագիտական առումով՝ ճիշտ: