ԲՀԿ-ում խառն են

ԲՀԿ-ում խառն են
Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու հայտարարությունը երեկ առավել «ցնցել» էր ԲՀԿ-ականներին, որովհետեւ նախորդ երեկոյան կառավարական ամառանոցում  Սարգսյան-Ծառուկյան-Աբրահամյան հանդիպումը բավականին ուշ էր ավարտվել, ԲՀԿ-ն որեւէ նիստ, քաղխորհուրդ, մինի-հավաք չէր անցկացրել: Առավոտյան կուսակցության անունից տարածված հայտարարությունը մեծ տարակուսանք էր առաջացրել ԲՀԿ-ականների մոտ: «Մեզ մոտ միշտ այդպես է եղել, մենք երբեք ՀՀԿ-ի նման գործադիր մարմնի նիստ չենք հրավիրել, չենք իմացել, թե ինչ է կատարվում մեզ հետ իրականում»,- նեղսրտում էին ԲՀԿ-ականները` փորձելով հասկանալ. արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ կուսակցության ղեկավարումը Գագիկ Ծառուկյանից անցնում է ԲՀԿ, այսպես կոչված, քաղաքական թեւին` Վարդան Օսկանյանին:



Ընդ որում, Ծառուկյանը երկրի համար ոչ անկարեւոր վիճակում, իր թիմակիցներին առանց բառ ասելու, անմիջապես մեկնել է Բելառուս՝ Բատկայի մոտ, կոնյակի գործարան բացելու: Կոնյակը նուրբ գործ է, եւ երկրի դե ֆակտո երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը դեռ էլի մի քանի օր չի լինի Հայաստանում: Այնպես որ իր թիմակիցներն այդպես էլ չեն ստանա իրենց հուզող մի քանի հարցերի պատասխանները` կառուցողական ընդդիմությունն արդյո՞ք նշանակում է, որ որոշ պորտֆելներ մնալու են իրենց, թե՞ պորտֆելները հանձնվելու են ամբողջովին:



Երեկ մերձ-ԲՀԿ-ական միջավայրում խոսվում էր, որ ոչ բոլոր պորտֆելներն են հանձնելու: Առողջապահության, սոցիալական ապահովության, քաղաքաշինության նախարարությունների պորտֆելները, ասում էին, մնալու են. Գագիկ Ծառուկյանն ասել է` կիսատ գործեր կան այդ ոլորտներում: