Աստված հոգին լուսավորի

Աստված հոգին լուսավորի
Երեկոյան գույժը տարածվեց երկրով մեկ՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, որին գազանաբար ծեծել էին «Հարսնաքար» ռեստորանում, մահացել է: Ողբերգական լուրը ստանալուց րոպեներ անց մեր կայքում Դավիթ անունով մեր ընթերցողը գրեց. «Քիչ առաջ իմացա, որ ռազմական բժիշկը մահացել է։ Բառերով չեմ կարող ձեւակերպել, թե ինչ է կատարվում իմ սրտում։ Մեր երկրում մահապատիժը վերացված է (ցավոք), գոնե համարժեք պատիժ կստանա՞ն այդ կենդանիները՝ չգիտեմ, վստահ չեմ։



Բաժակն արդեն վաղուց լցված է, բայց շարժ դեռ չկա։ Ինչքա՞ն ենք դեռ հանդուրժելու այս ամենը եւ արդյո՞ք հանդուրժելու ենք՝ դարձյալ հայտնի չէ։ Թող Աստված լուսավորի նրա հոգին եւ մեզ իմաստնություն տա մեր ապագա քայլերի համար»։ Իսկապես՝ բառերն անզոր են նկարագրելու, թե ինչ է զգում այս պահին մեր հասարակության առողջ հատվածը. անսահման վրդովմունքն ու  անզորության զգացումը, ափսոսանքն ու վրեժխնդիր լինելու ձգտումը, կարծում եմ, շատերի հոգում է փոթորկվում:



Ես միանում եմ Դավիթի ցասումին: Կիսում եմ նրա ափսոսանքը: Հույս ունեմ, որ այդ մարդակերպ գազանները խստագույնս պատժվելու են: Եվ անպայման պատժվելու է նրանց «տերը»: Այս օրերին շատերն են խոսում այդ թեմայով, չքմեղանալով, թե ինչ մեղք ունի Ռուբեն Հայրապետյանը, որի օբյեկտում է կատարվել դեպքը: Կուսակիցները փորձում են արդարացնել ու պաշտպանել նրան: Մեղավոր է, պարոնայք, անպայման մեղավոր է: Նա ինքն է ձեւավորել իր շրջապատում այդ «սամասուդի» մթնոլորտը: Երբ իր թիկնապահներից մեկին ծեծում էր, երբ լրագրողի էր հայհոյում, երբ ցինիկ ու հեգնական արտահայտություններ էր անում ընդդիմության ու նրա առաջնորդի հասցեին: Եվ երբ դուք նրա ձեռքը չէիք բռնում, չէիք պատժում լկտի արարքների ու սանձարձակ խոսքի համար, դուք էլ ձեր նպաստն էիք բերում: