Շրջանակը նեղանում է, Հայաստանի իշխանությանը պատին են սեղմում

Շրջանակը նեղանում է, Հայաստանի իշխանությանը պատին են սեղմում



Պատիժը չի խլացնում վատ գործելու ցանկությունը, լավագույն դեպքում անհատը սովորում է խուսափել պատժից: Փորձենք մեր իշխանության օրինակով ավելի կոնկրետացնել նշվածը: Գաղտնիք չէ, որ եվրոպական շատ դոնոր կազմակերպություններ մեր պետության վարած քաղաքականության պատճառով ֆինանսական աքցաններ են կիրառել: Ի՞նչ արդյունք է տվել: Կարող եմ առանց մի պահ տատանվելու ասել՝ ոչ մի: Նույնը գործել են, բայց ավելի զգույշ, որպեսզի խուսափեն պատժից: Ամենավերջին ու ամենաթարմ օրինակը բերեմ: Խորհրդարանական ընտրություններից առաջ, անցած տարվա դեկտեմբերին, Եվրամիության կառույցի՝ ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար  Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝  Փիթեր Ստանոնան, «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել էր, որ պաշտոնական Բրյուսելը շատ է տպավորված արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների խոստումներից եւ պատրաստ է այդ ընտրություններից հետո միջազգային համաժողով անցկացնել եւ գումարներ հավաքել՝  Հայաստանին օժանդակելու  համար։



Հայաստանի իշխանությունը փորձեց այնպես անել, որ առանց թավան տաքանալու ձվածեղն ուտի: Բայց անտեսել էր, որ կառույցն էլ իր շահն ունի Հայաստանում: Շատ բանի վրա աչք փակելով, հետո պահանջելու է դրա գինը: Չուշացավ. նույն ռադիոկայանին ու նույն խոսնակի միջոցով հայտարարվեց. «Եվրամիությունն առայժմ հետաձգում է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը՝ ակնարկելով, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները, եւ այժմ Բրյուսելում սպասում են 2013-ի նախագահական ընտրություններին»։ Հեշտ չէ Եվրոպայից փող ուտելը: Այնտեղ նույնիսկ մի ափսե ճաշն է մտցվում ծրագրի մեջ. ո՞վ է ուտում, ինչո՞ւ է հենց նա ուտում, ինչո՞ւ են տալիս ուտելու: Շրջանակը նեղանում է. Հայաստանի իշխանությանը պատին են սեղմում:



Գի՜նը… մնալու, փող տալու գի՜նը… Հենց այնպես Եվրոպան չի խարխլի ժողովրդավարության հիմքերը, չէ՞ որ Հայաստանի նման էլի շատ երկրներ կան, որտեղ ժողովուրդը կասկածի տակ է առնում եվրոպական արդարամտությունը: Դրա համար գին է պահանջվում, մե՜ծ գին: Նույն ռադիոկայանին նույն խոսնակով կրկին հաղորդում են. «Անհրաժեշտ է ավելացնել ջանքերը Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ ամրապնդել դատական համակարգի անկախությունը»։ Բրյուսելյան դիվանագիտություն. թակարդը լարված է:



Մինչդեռ մեր իշխանությանը թվում էր, թե այնպես նուրբ ու թափանցիկ, այնպես զգույշ ու սթափ «խելքահանեց» եվրոպացիներին, որ նրանք անգամ գլխի չընկան, թե ինչ կատարվեց ընտրությունների ժամանակ եւ ինչպես կատարվեց:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ