Էլ չենք հանդուրժելու

Էլ չենք հանդուրժելու
Մեր հասարակությունն աչքներիս առաջ, լավ իմաստով, անհանդուրժող է դառնում ամեն վատ բանի նկատմամբ՝ լինի ողբերգական ու անիմաստ մահով վախճանված երիտասարդի դեպք, թե մայրաքաղաքի կանաչ տարածքի մի հատվածի համար պայքար: Մի տեսակ հասարակական հանդուրժողականության ռեսուրսը սպառված է: Երեկ մի տաքսու վարորդ ամենայն լրջությամբ ասում էր՝ սա չեն մարսելու, սա մնալու է իշխանությունների կոկորդում:



Մարդիկ հոգնել են բեսպրեդելից, լկտիությունից, զեխ ու շվայտ կյանքով ապրող, անարժան մեծահարուստներից, անգրագետ ու քաջնազարի բախտով աթոռներին հայտնված պաշտոնյաներից, բութ ու աներես իշխանավորներից: Գուցե այս անգամ էլ մարի բողոքի ալիքը, ու մարդիկ կրկին իրենց տները գնան՝ շարունակելով հանդուրժել այս իշխանություններին ու ստեղծված իրավիճակը: Բայց եւս մի նման դիպված կարող է վերջ տալ ամեն ինչին:



Մարդկանց ամբոխը կարող է լցվել փողոցներն ու ջնջել-սրբել իր ճանապարհին հայտնված ամեն ինչ: Խելացի իշխանությունը համապատասխան հետեւություններ կաներ կատարվածից եւ խստորեն կպատժեր չափն անցած օլիգարխին ու նրա համհարզներին՝ ի ցույց բոլորի եւ ի նշան նրա, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ: Բարոյական իշխանությունը կդատապարտեր կատարվածն ու կտարանջատվեր «նեմեցների» զանգվածից: Իր հեռանկարի մասին մտածող իշխանությունն ամեն ինչ կաներ, որ չափն անցած օլիգարխների բանակին զսպաշապիկ հագցնի, քանզի ժողովրդի համբերության հետ խաղալը վտանգավոր բան է:



Այդ խաղը կարող է փորձանք դառնալ իրենց գլխին: Առանց այն էլ սոցիալական, կենցաղային, աշխարհաքաղաքական խնդիրները մեր երկրում այնքան շատ են, որ մարդն այստեղ իրեն լիարժեք չի զգալու երեւի դեռ մի հարյուր տարի եւս: Այնպես որ պետք է ամեն ինչ անել, որ գոնե մարդու իրավունքները հարգվեն մեզանում: