Վարչապետը պաշտպանության տակ առավ Զախարյանին

Վարչապետը պաշտպանության տակ առավ Զախարյանին
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թեեւ անդամագրվեց ՀՀԿ-ին եւ դարձավ նրանցից մեկը, սակայն,  այդուհանդերձ, փորձում է իր երբեմնի անկախ կարգավիճակն ինչ-որ ձեւով պահպանել, ինչը դրսեւորում է տարբեր առիթներով ընդդիմանալով, ակտիվ հակադարձումներով: Սա բացարձակ դուր չի գալիս Տիգրան Սարգսյանին, ով հավանում է Արմեն Աշոտյանի  տիպի ենթակաների, ովքեր աչքի են ընկնում հաճոյացող վարքով եւ իշխանական տեսակետը պաշտպանելու անձնազոհությամբ: Վարչապետի եւ Հրայր Թովմասյանի միջեւ երեկ, կառավարության նիստի ժամանակ, վիճաբանություն ծագեց այն պատճառով, որ նախարարը համարձակվեց հակադարձել Անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին: Երբ Հրայր Թովմասյանը ներկայացրեց նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկին հավանություն տալու հարցը, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը լրացուցիչ քննարկումների առաջարկ արեց, Թովմասյանն էլ հակադարձեց, թե Կադաստրի պետական կոմիտեում այս հարցի կապակցությամբ թյուրըմբռնում կա, Տիգրան Սարգսյանը վրդովված միջամտեց. «Պարոն Թովմասյան, Ձեր գործընկերը խնդրում է քննարկում, եւ կարծում եմ` կոռեկտությունը ենթադրում է, որ այդ քննարկումը պետք է անել…»: Թովմասյանն էլ փորձեց վարչապետին բացատրել, որ նոր բան չկա, որից բխեր քննարկման անհրաժեշտությունը. «Պարոն վարչապետ, քննարկումն իրականացվել է, սա միջոցառումների ծրագիրն է, այստեղ նոր բան չկա, ինչ որ հայեցակարգում է սահմանված: Հայեցակարգը հաստատվելուց էլ այս հարցը բարձրացվեց եւ քննարկվեց, եւ, որպես այս ոլորտում քաղաքականություն մշակող կառավարության անդամ, սա եմ ներկայացրել: Գործողությունների ծրագրում փորձ անել անդրադառնալ հայեցակարգային դրույթներին, կարծում եմ՝ կոռեկտ չէ… բայց պատրաստ եմ քննարկելու…»:



Զախարյանի առաջարկը միանշանակ չընդունելը վարչապետը վերածեց վիճաբանության՝ վրդովված դիմելով Թովմասյանին. «Դուք իզուր եք ընդդիմանում, Ձեր գործընկերը խնդրում է քննարկում, հիմա Դուք ի՞նչ բացատրություն եք տալիս, չեմ հասկանում: Գործընկերության կոռեկտությունը ենթադրում է, որ եթե գործընկերը խնդրում է քննարկում, պետք է քննարկում լինի, այդտեղ ի՞նչ բանավիճելու առարկա կա… թե ինչ հարցի շուրջ` ես չգիտեմ, պրն Զախարյանը չհնչեցրեց: Դուք այստեղ ենթադրություններ եք անում, գուցե նա ա՞յլ հարց էր առաջ քաշում…»: Թեեւ այդպես էլ հայտնի չդարձավ, թե Զախարյանն ինչ առարկություն ուներ, նախարարն անդրդվելի էր, կարծես իր առաջ նպատակ էր դրել չկոտրվել ու մինչեւ վերջ ապացուցել իր արդարացիությունը. «Պրն վարչապետ, դրա համար կա կառավարության գործունեության կարգ, որի ընթացակարգը…»:  Համառ նախարարի միտքը դեռ չավարտված՝ վարչապետը վրա տվեց. «Եվս մեկ անգամ Ձեզ խնդրում եմ կոռեկտությունը չխախտել…»:



- Հ. Թովմասյան - Չեմ խախտում…



- Տ. Սարգսյան - Բա ի՞նչ եք անում, պետք է լսել պրն Զախարյանն ինչ է ասում…



Այս կոշտ դիալոգի ընթացքում Զախարյանը ծպտուն չէր հանում, նա լուռ վայելում էր իր հանդեպ հարգալից վերաբերմունք պահանջող վարչապետի դիտողությունները: Իսկ թե ինչով էր պայմանավորված վարչապետի շահագրգռությունը, չիմացվեց, քանի որ Թովմասյանն ու Զախարյանը, թերեւս կանխատեսելով, որ տեղի ունեցածի  վերաբերյալ լրագրողներին «պարզաբանումներ» պետք է ներկայացնեն, չիջան լրագրողների մոտ այնքան ժամանակ, մինչեւ բոլորը հեռացան:



Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձավ նոտարների ծառայությունների գնացուցակին եւ ընդհանրապես անհավասար պայմաններին: Նեղսրտում էր, որ մի մասը կարող է լավ գումար աշխատել, մյուսները,  ծայրամասում գտնվելու պատճառով՝ ոչ: «Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինչպես են նոտարները գները բարձրացնում։ Անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, հասկանալ, թե ինչպիսին է ոլորտում առկա շահութաբերությունը, որովհետեւ կան նոտարներ, որոնք գերշահույթ են ստանում, իսկ կան նոտարներ, որոնք ծանրաբեռնված չեն, եւ որոնց աշխատանքի շահութաբերությունն այնքան էլ բարձր չէ»:



Ըստ նրա՝ որոշ նոտարներ ավանդույթի ուժով դեռեւս օգտվում են քաղաքի կենտրոնում գտնվելու հանգամանքից, ստացել են անվճար տարածքներ, իրենց ձեռքում են կենտրոնացրել բազմաթիվ հաճախորդների սպասարկման հնարավորությունը եւ գերշահույթ են ստանում։ Մինչդեռ քաղաքում կան նոտարներ, որոնք նույնպես որակյալ ծառայություն են մատուցում, բայց հաճախորդ չունեն։ «Սրանք ռեզերվներ են, եւ մենք պետք է մտածենք, թե ինչպես դրանք օգտագործել, որպեսզի ոլորտում ուժեղացնենք մրցակցությունը եւ թույլ չտանք, որ գների չարդարացված բարձրացում լինի։ Պետք է վստահ լինենք, որ գներն արհեստական կերպով չեն բարձրանա»,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը։