Թատրոն «թատրոնի՞» համար…

Թատրոն «թատրոնի՞» համար…
Մրջյունն ինքնին իմաստուն արարած է, բայց այգում կամ բանջարանոցում՝ վնասակար: Գաղափար էլ կա, որ իմաստուն է, բայց իրագործելիս՝ վնասակար: Համազգային թատրոնի շենք ունենալու գաղափարը համազգային ոգեւորության թեմա է, չէ՞ որ 20 տարվա կենսագրություն ու ձեւավորված պատմություն ունեցող թատրոնն արժանի է սեփական շենքն ունենալու: Բայց համազգային ոգեւորություն առաջացնող գաղափարը կարող է համազգային հիասթափություն առաջացնել: Ինչո՞ւ, չէ՞ որ գործող նախագահը արվեստին ընդառաջ գնալու ցանկությունից դրդված է միայն ընդառաջ գնացել դերասանների, ինչո՞ւ չէ՝ նաեւ թատերասերների պահանջին: Մշակույթը, արվեստը գնահատելու իմաստուն գաղափար, բայց իրագործման տեսանկյունից՝ վնասակար: Ըստ շրջանառվող տեղեկատվության, թատրոնի շենքը պետք է կառուցվի Մաշտոցի պուրակի եւ Սարյան փողոցի գլխավոր փոստի միջակայքում ընկած տարածքում: Ցավալի է, որ մայրաքաղաքի կենտրոնը շինություններով գերբեռնելուց հետո է հիշվել Համազգային թատրոնի շինության մասին:



Սրճարանային շքերթը, տալ-առնելու գործընթացն ավարտվեց ու հիշվեց, որ մի բան էլ ազգի համար կարելի է անել, որ չասեն՝ քաղաքի կենտրոնում մի մշակութային օջախ չկա: Այդ առումով  ժողովրդին խոսելու տեղ չի մնա: Տվին-առան ու որոշեցին հենց կենտրոնում տնկել այդ շենքը, որ իսկական «թատրոն» դառնա: Կարեւոր չէ, որ այդ տարածքում շենքային խեղդոց է, կարեւոր չէ, որ կանաչ տարածք չկա, կարեւորը Համազգային թատրոնի գաղափարն է: Մայրաքաղաքում ապրողների թթվածինը կդառնա թատրոնը: Աբսուրդն այն է, որ մեր երկրում, երբ իշխանությունը կամենում է մի լուրջ բան անել, «թատրոն» է դառնում, որովհետեւ ճարտարապետներ կան, որոնք ճարտարապետացել են միայն նախագահի բերանից դուրս եկած խոսքը «կապիրովկա» անելով: Նախագահն այդպես է ուզում՝ վերջ. կառուցման վայրը համապատասխանում է ճարտարապետական բոլոր չափանիշներին:



Չասե՞ս՝  Նարեկ Սարգսյան, բա մա՞րդը… Մնացել է, որ քարե պատերը շարես մարդու վրա ու ասես՝ հարմարվեք գերեզմանի քարե սառնությանը, մահը մոտ է… Քաղաքի կենտրոնը «հիվանդ» է ու «ծանր հիվանդ», ջերմության ու ցավի մեջ գտնվող հիվանդի շորերը թեթեւացնելու փոխարեն նոր շորե՞ր եք ուզում հագցնել… Նեսոյի քարաբաղնի՞սն է…



Վերջերս կարդում էի Ֆեդերիկո Ֆելինի, ու հետաքրքիր դիտարկում կար. «Առողջ մարդիկ չգիտեն, թե իրենց ինչպես պահեն հիվանդի ներկայությամբ: Նրան միրգ ու քաղցրավենիք են բերում: Ծաղիկներ են ուղարկում, դրանցով լցնում են ողջ հիվանդասենյակը` շնչելն անհնար է: Հիվանդանոցում ես տեսել եմ, թե ինչպես ինֆարկտ տարած մարդուն փուչիկներ էին բերել: Այդ պատկերը մինչեւ հիմա աչքիս առաջ է: Հիվանդը պառկած էր, եւ անհասկանալի էր՝ խորհո՞ւմ է նա, թե իր ինչին են պետք այդ փուչիկները, կամ ընդհանրապես չի հասկանում, թե դրանք ինչ են: Պարզապես նրան այցելած մարդիկ չգիտեին, թե ինչով թեթեւացնեին նրա տառապանքները: Իսկ դրա կարիքը կար, եւ պատահեց փուչիկ վաճառողը…»:



Այս փոքրիկ մեջբերումը շատ համապատասխանում է Կենտրոնի վիճակին: Փոխանակ մտածեն, որ մի աննշան բանով վիճակը թեթեւացնեն, նոր բե՞ռ են դնում Կենտրոնի վրա… Թատրոն «թատրոնի՞» համար…



 Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ