Նախագահն այցելել է կոնսերվատորիա և պատմության թանգարան

Նախագահն այցելել է կոնսերվատորիա և պատմության թանգարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ հանդիպում է ունեցել բուհի կառավարման բարձրագույն մարմնի՝ խորհրդի և գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ, շրջայցի ընթացքում ծանոթացել իր հանձնարարությամբ անցյալ տարվա ընթացքում պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին կրթական այս հաստատության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված մասնակի վերանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման աշխատանքներին: Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է նաև հանրապետության մշակութային կրթական այս հաստատության ընթացիկ խնդիրները, զարգացման ծրագրերը, դրանց իրագործման հնարավորությունները: Սերժ Սարգսյանը պետական կոնսերվատորիայում ունկնդրել է միջազգային և հանրապետական մրցույթներում մեծ հաջողությունների հասած կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ երաժշտական համարներ, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:



Հանրապետության ղեկավարն այսօր այցելել է նաև Հայաստանի պատմության թանգարան, որտեղ դիտել է հայ գրատպության 500-ամյակի առիթով 2012թ. բացված «Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան» ժամանակավոր ցուցադրությունը: Այն ընդգրկում է բացառիկ բնօրինակներ Հայաստանի պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և Մատենադարանի հավաքածուներից:



Նախագահը դիտել է նաև թանգարանում ներկայացված «Հայկական գորգարվեստ՝ XVII մինչև XIX դդ.» ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված են հայկական գորգի դասական նմուշներ Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից:



Հայաստանի պատմության թանգարան այցն ավարտելուց հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, հին տոմարով Նոր տարին նշել է մշակույթի գործիչների հետ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում: