Ընտրությունների միջոցով գյումրեցիների մատից փուշ չես հանի

Ընտրությունների միջոցով գյումրեցիների մատից փուշ չես հանի
Սպասվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ  առաջադրված նախագահի 8 թեկնածուներից ում են ավելի շատ նախապատվություն տալիս գյումրեցիները. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան, էպոսագետ Վարդան Սեդրակյան, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյան:



 



Այս հարցը պարզելու համար փոքրիկ հարցախույզ անցկացրեցինք գյումրեցիների շրջանում: Շատերի կարծիքով ընտրություն ասվածն այլեւս որեւէ արժեք չունի. Այն չի կարող դիտվել, որպես  երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու միջոց, քանի որ ով էլ  ստանձնի երկրի նախագահի պաշտոնը, միայն անձնական շահի մասին է մտածելու եւ գործող կուսակցությունների նման չի ունենալու պետության զարգացմանն ուղղված գաղափարախոսություն:



 



Տարեցներից տիկին Ռոզայի խոսքերով իր համար մեկ է, թե ով կդառնա Հայաստանի նախագահ, քանի որ ոչինչ չի փոխվելու, էլի մի քիչ Րաֆֆի Հովհաննիսյանին է հավանում, բայց դժվար թե նրան թողնեն, որ ընտրվի:



 



Ինչպես բոլոր ընտրությունների դեպքում, շատերը կարծում են, որ գալիք նախագահական ընտրություններում վարչական ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործվելու են` պետական հիմնարկներում աշխատողներին պարտադրելու են ձայն տալ գործող նախագահին, թե չէ աշխատանքից կազատեն, իհարկե այս գործընթացից անմասն չեն մնա նաեւ մասնավոր ոլորտի աշխատողները:



 



«Շիրակի մարզում եւ Գյումրիում աղքատությունն այն աստիճանի է հասել, որ տեղացիների համար կապ չունի, թե ով կընտրվի: Կապ չունի Սերժն է, թե Գագիկ Ծառուկյանը: Կարեւորը, որ երկրի մասին մտածող լինի: Եթե այսպես շարունակվի, էս երկրում կմնան միայն հարուստները եւ խանութպանները: Այս պահին սակայն Սերժ Սարգսյանին հակառակորդ որեւէ մեկին չեմ տեսնում»,-ասում է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի Աստինե Թամրազյանը:



 



«Առաջադրված թեկնածուները շատ են, մի երկու-երեք հոգի լինեին, ավելի լավ է:  Լավ կլիներ, որ Գագիկ Ծառուկյանը նախագահ լիներ»,-սում է Արփինե Կարապետյանը: «Օֆ աղջիկ ջան, ես քաղաքականությունից շատ հեռու եմ: Ջանդամ, ով գուզե ընտրվի, պարզ չէ, որ էլի սաղին պարտադրելու են, որ Սերժին պետք է ձեն տաք»,-վրդովված պատասխանեց 61-ամյա Արամ Զաքարյանը:



 



«Սերժ Ազատի Սարգսյանը հաստատ կնտրվի, բայց ես առաջադրված թեկնածուներից ոչ մեկին էլ չէի ուզենա, որ ընտրվեն, կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրվի, քանի որ իր ժամանակ ավելի լավ էր»,-իր կարծիքն է հայտնում բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի ուսանող Միշա Սարգսյանը:



 



«Րաֆֆի Հովհաննիսյանին ավելի շատ կուզենայի տեսնել, որպես նախագահ, քանի որ նա ավելի շատ է նվիրված Հայաստանի հանրապետությանը»,-պնդում է Ժենյա Ավետիսյանը:  77-ամյա Մանյա Գրիգորյանն էլ ասում է. «Ընտրություն ասվածը Հայաստանում ոչ մի նշանակություն չունի, ինձ առաջադրված թեկնածուներից ոչ մեկն էլ հետաքրքիր չէ, քանի որ ոչ մեկը կոնկրետ գաղափարախոսություն չունի, թե ինչպես փոխել երկիրը»:



 



«Զզզվանք էս ընտրությունների թեմայից, սաղ օրը կխոսան, մեջն ինչ կա օր, ոչ էլ գուզեմ պատասխանել»,-ասաց 77-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ