Առա՜ջ Հայաստանին...

Առա՜ջ Հայաստանին...
Ահարոն Ադիբեկյանը նախագահական եւ «Միսս Հայաստան»  մրցույթները համարյա նույնացնում է: Կարեւորը նախագահի թեկնածուների բոյն ու գրավչությունն է: Սոցիոլոգը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շտապեց արտահայտել իր կանխակալ կարծիքը. «…Հմայքով Րաֆֆի Հովհաննիսյանն առաջինն է, գաղափարները բավականին փայլուն են»:



 



Սոցիոլոգի արտահայտությունը վկայում է, որ նախագահական ընտրությունների մրցույթում երկրորդ եւ երրորդ պատվավոր տեղերի մրցանակներից բացի  տրվելու են նաեւ այլ կարգի մրցանակներ: Րաֆֆիին, պատվավոր երկրորդ տեղի արծաթե մեդալից բացի, կտրվի «Հմայքի ասպետ» մրցանակը, «Սարվոր տղա» պատվոգրի հետ միասին: Հրանտ Բագրատյանին, երրորդ տեղի բրոնզե մեդալից զատ, կշնորհվի «Խալով տղա» մրցանակը, միաժամանակ նրան կընծայվեն «Կիթառով տղա» ու «Լողորդ բալա» պատվոգրերը: Հայրիկյանին կտրվի անկախության դրոշը, Արման Մելիքյանը կպարգեւատրվի «Ղարաբաղի, Ղազախստանի եւ Ղրղզստանի» դիվանագիտական պատվոգրերով: Էպոսագետ Վարդան Ժորժիկին կշնորհվեն «Սասնա ծուռ»  ու «Հանդիսատեսի համակրանք» պատվոգրերը: Անդրիաս Ղուկասյանն ու Արամ Հարությունյանը կմնան հանրության բուժզննման կաբինետում:



 



Իսկ գլխավոր մրցանակը, ինչպես միշտ, կմնա մրցանակաբաշխությունը կազմակերպող, Հայաստանի ու Ղարաբաղի բոլոր ոսկե մեդալներին արժանացած Արցախի հերոս Սերժ Սարգսյանին: Նախագահի առաջին տեղը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանին կշնորհվի նաեւ «Հայաստանի հերոս» կոչումը: Ոսկե մեդալակիր նախագահը «վայեվատ» է արել Հայաստանի բոլոր բարձր պաշտոնների ճակատներում ու միշտ հաղթել սեփական ժողովրդին… Առա՜ջ Հայաստանին…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ