Թվերի ընտրություն

Թվերի ընտրություն
Նախագահի ընտրությունները մեր բակում ավարտվում են, երբ մինչեւ փողոցի ծերը ամեն ինչ պարուրվում է խորովածի մերթ թանձրացող, մերթ նոսրացող ծխով: Ուրեմն փողերը բաժանել են, ուրեմն եկել-գնացել են բութ դեմքերով ու խորամանկ ժպիտով ձմեռ պապիները: Մեզ մոտ ամեն ինչ վաղուց ավարտվել է, մնացածը  լոկ թվեր են, դրանց լուրջ վերաբերվելու համար առնվազն էն գուշակ տատիկը պիտի լինես, որի մոտ այցելելու ու հոգուդ թիվը իմանալու համար պարտադիր չէ չարազով տոպրակը ձեռքիդ տնկվես:



 



Ամեն ինչ տխուր է ու հուսահատ: Շուրջբոլորը շուլուխ է: Դնենք-ղժանք մարդկանց վրա, սրա հասցեին, նրա նկարի տակ, էս հոլովակի վրա: Էն կաշառակեր տատիկի կամ պապիկի հասցեին վատ բառեր ասենք, ինչքան հնարավոր է թունոտ ու կծվային, որ մյուս արդարներիս, ազնիվներիս ու առաքինիներիս աչքին բարձր թվանք: Ոչ ոք ինքն իրենից փախչել չի կարող:



 



Մեր բակի ժողովուրդը ով ոնց կար, այդպես էլ մնացել է: Սոխի տոպրակը ձեռքին, հազիվ քայլով տարեց կնոջն ինչքան ուզում ես, հինգ հազարանոցներ բաժանիր, չի վերցնելու, չի համակերպվելու, մեռնելու է չքավորության մեջ, չի վաճառվելու: Մյուսները նույնն են մնալու, իներցիայով, էությամբ գնալու են համոզելու, կաշառելու, վաճառելու: Հիմա ո՞րն են մենք. ո՞վ ենք մենք: Չեմ հիշում նման մի բան, երբ տերերը սեփական ժողովրդին համոզեն  պարտվածության, ամլության, անատամության, ծուլության ու անզորության մեջ:



 



Մեր բակի ժողովուրդը նույնն է մնացել: Էստեղ երեւի հոգեբանական ուսումնասիրություններ են պետք,  որովհետեւ սովետի ժամանակ էլ էին նույնը, մինչ սովետն էլ էին նույնը  ու հեռավոր դարերում էլ էին նույնը: Հրանտ Մաթեւոսյանն արդեն վաղուց է ասել, Մեծամորում՝ ախպեեեր, մեզ թագավոր պետք չի: Կարող ա դրսից եկած ու հայ դառած Արշակունիներն ավելի սրտացավ էին, ավելի պետականամետ, ավելի շատ սիրեցին նույն անգրագետ, ամուլ ժողովրդին, ավելի շատ բան տեսան նրանց մեջ, ավելի շատ լավ բան տեսան: Ո՞վ իմանա…



 



Երեւանյան բակերի ակտիվությունը, սակայն, ընտրություններից ընտրություն է: Սեւ փոկերի պես հանկարծ դուրս կհորդա սեւ մաղձը, մռայլ ու նեխած դեմքով քաջքը վզիցդ կբռնի ու քեզ կհամոզի, որ դու ունակ չես փոխվելու, որ դարերով չես փոխվել, հիմա հանկարծ խաղեր չտաս, ամեն ինչ ջուրը կգցես, էսքան տարի քո երկրի տերերն աշխատել են քեզ համար, բակում քո երեխաների խաղի իրավունքի համար, քո դիրքի ու պատվի համար: Արդարացրու քեզ:



 



Առավոտյան զարթնեցինք, մաման ասեց՝ դուրս նայեք, տեսեք ներքեւում ինչ կենդանություն է տիրում: Հին բաշիբոզուկները, սրիկա տղերքը, ազգի ծուծքի մի զգալի մասը՝ մտախոհ դեմքերով, ծխախոտը ծխախոտի ետեւից պարպելով, ժողովրդի հետ էին աշխատում: