Ես արդեն ունեմ լավ աշխատանք

Ես արդեն ունեմ լավ աշխատանք
Մեր տեղեկություններով, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի ընտրությունից հետո կադրային փոփոխություններ են լինելու Հանրայինում: Մասնավորապես խոսվում է, որ դերասան Հրանտ Թոխատյանը նշանակվելու է Հ1-ի տնօրեն՝ Գագիկ Բունիաթյանի փոխարեն: Այդ մասին փոքրիկ զրույց ունեցանք հենց դերասանի հետ:- Պարոն Թոխատյան, խոսակցություններ կան, որ Ձեզ են նշանակելու Հ1-ի տնօրեն:



- Ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որից տեղյակ չեմ:



- Այսինքն դեռեւս տեղյակ չեք:



- Ի՞նչ է նշանակում դեռեւս, այդպիսի խոսակցություն չի եղել:



- Ձեզ որեւէ առաջարկ չի՞ արվել:



- Ես ունեմ լավ աշխատանք ու շատ գոհ եմ:



- Իսկ եթե առաջարկե՞ն…



- Ես ունեմ լավ աշխատանք, դա իմ բեմն է, «Շարմ» ընկերությունը, ու ավելի լավը չեմ փնտրում:



- Ամեն դեպքում, եթե առաջարկ լինի՝ կմտածե՞ք, գուցե համատեղման կարգով համաձայնեք:



- Հնարավոր չէ որեւէ կերպով համատեղել:



- Այսինքն դա բացառված է:



- Ես կարծում եմ, որ այո:



- Ամռանը գրվեց, որ Ձեզ աշխատանք են առաջարկել Ղարաբաղում, եւ պատրաստվում եք բնակություն հաստատել այնտեղ:



- Ես էի առաջարկ արել, իմ առաջարկն ընդունվել էր, եւ ես աշխատում եմ Ղարաբաղում:



- Եթե չեմ սխալվում, խոսք էր գնում, որ հենց Ղարաբաղում էլ պետք է բնակություն հաստատեք:



- Երբ որ աշխատանքն ավելի շատ լինի, ներկայացումները սկսվեն, բնականաբար, ավելի հեշտ կլինի այնտեղ մնալ՝ ավելի երկար ժամանակով, քան հիմա:



- Իսկ կմանրամասնե՞ք ինչ աշխատանք է դա:



- Իմ մասնագիտությամբ՝ թատրոն: Այնտեղ կա 2 հատ թատրոն, մեկը՝ Շուշիում, որի շինարարությունն արդեն ավարտվում է, եւ մյուսը՝ Ստեփանակերտի թատրոնը, որը նույնպես մի քիչ նորոգման կարիք ունի, ամեն դեպքում, Ղարաբաղը կունենա 2 լավ թատերական հրապարակ:



- Բայց խոսակցություններ կային, որ Ձեզ պաշտոն էին առաջարկել…



- Ինձ այսօր շատ դժվար է բացատրել որեւէ մեկին, մասնավորապես Ձեզ եւ Ձեր կոլեգաներին, որ անպայման, եթե մարդ մի տեղ պետք է լինի, ուրեմն պիտի պաշտոն ունենա:



- Ինձ թվում է՝ պետք չի ինձ եւ իմ կոլեգաներին մեղադրել, որովհետեւ շատերն այսօր հենց պաշտոնի են ձգտում եւ դրա մասին ինֆորմացիան հաստատում են միայն այդ պաշտոնին գալուց հետո, դրա համար լրատվամիջոցների կողմից այդ հարցադրումները պետք է որ կանխատեսելի լինեն Ձեզ համար:



- Չեմ կարծում, լավ կլիներ ուղղակի զանգել ու հարցնել, ոչ թե գրել դրա մասին:



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ