Գետնին ընկած հացն էլ սրբություն է

Գետնին ընկած հացն էլ սրբություն է
Մանկությունից ի վեր ընդեղեններից այս մեկը հատկապես շատ եմ սիրում: Իմ ծննդավայրում, հետագայում իմացա, որ մի շարք շրջաններում եւս այդ  հրաշքին գուզ են ասում: Մեզ մոտ բերում էին աշնանը, հարեւան Եղեգնաձորից` կարտոֆիլի հետ փոխանակելու: Երեխաներով անհամբեր սպասում էինք, թե երբ պետք է ավարտվեր գուզ-կարտոֆիլ կամ կարտոֆիլ-գվիժ անհասկանալիորեն երկար ձգվող փոխանակումը:





 



Դպրոցում իմացա, որ ազնվական այս ընդեղենն ու նույնքան հրաշալի այս հատապտուղը համապատասխանաբար կոչվում են ընկույզ եւ ալոճ:



 



Երկուսի հրեղեն համը բերաններումս՝ փորձենք պատկերացնել, թե այդ հրաշքը, որ հայոց լեզու է կոչվում, ժողովրդի լեզվի վրա որտեղից եւ ուր է հասել:



 



Չեմ պատրաստվում վիճել՝ գո՞ւզն է ժամանակի մեջ դարձել ընկույզ, թե՞ ընկույզը` գուզ: Բայց մի բան պարզից էլ պարզ է, որ ժողովրդի լեզուն հազար-հազար տարի սնել ու հասակ է տվել իր լավագույն որդիներից մեկին` գրական հայերենին:



 



Լեզուն  կենդանի օրգանիզմ է, անընդհատ լցվում ու հարստանում է նորանոր բառամթերքով, որ բերում են  ժամանակը, սոցիալական միջավայրն ու բազմաշերտ հարաբերությունները: Լեզվի համար սոցիալական ասվածն ավելի լայն ընդգրկում ունի, քան միայն կենցաղն ու կենսակերպը: Մեր հոր ու մորից, մեր բնից ու աշխարհից (սեւակյան լեզվով) թանկ այս հայերենը երկրի ու ժողովրդի պատմական մակընթացություններին համընթաց ունեցել է վերելքների ու վայրէջքների բազմաթիվ շրջաններ, չդադարելով հարստանալ ասպատակողների լեզվից նույնիսկ եւ ազնվորեն սնելով անգամ իր թշնամիների լեզուն: Երեւի այն հույսով, թե հայերենի առատությունն իր լեզվում կմեղմի ավարառուի ու ասպատակի` նրա կոշտ հոգին:



 



Զարմանքով ու հիացմունքով ասեմ, որ լեզուն հրաշալի գիտի իր անելիքը` թաթերի վրա է քայլում, եթե բարձրանում է, եւ կրունկների վրա՝ երբ իջնում է: Ասել է թե լեզուն երբեմն գնում է հասարակական ու պատմական պրոցեսների ետեւից, երբեմն էլ` առջեւից: Երկու դեպքում էլ հարմոնիան չի խախտվում, որովհետեւ կշեռք պահողը  ժողովուրդն է, որ միշտ ու ամենուրեք բառաշինությամբ է զբաղված, երբեք չմտածելով այդ մասին ու ինքն իրենից դափնիներ չսպասելով:



 



Մայր կոչվող այս ժողովուրդը մորենական իր դերի համար ոչ մեկից շնորհակալություն չի սպասում, բայց խանդաղատանքով իր զավակներից ակնկալում է  մորենական լեզվի հանդեպ որդիական հնազանդություն ու սեր:



 



Այսօր բոլորս ենք մտահոգ, որ համատարած լեզվամերժություն կա, հատկապես երիտասարդների կողմից, որոնք շփվում են կեղծ ու շինծու կինոհերոսների լեզվով: Բայց արժե, որ ավագներս հիշենք, թե ինչ եռանդով էինք տրվել հիպպիական ամենակուլ շարժմանը, տղայական մեր հրաշալի մազերը ծամ սարքելով, մեր լայնափող անդրավարտիքներն ու կար տված վերնաշապիկներն էլ հետը եւ խոսում էինք ոչ մաշտոցյան լեզվով: Հիշում եմ, օր չկար, որ մեծերից մեկը ցավն ի սիրտ չասեր` մեր աչքը լույս, թե սրանք էլ մարդ կդառնան: Կասեին մտահոգ, թանկ բան կորցնողի երկյուղածությամբ:



 



Անցան տարիները, ու արցախյան գոյամարտն իրենց ուսերին առան նույն տղաները, որոնք մի օր նույն այդ  ուսերին երկար ծամեր էին կրել: Սակայն կյանքն այլ բան համոզեց, որ լեզուն պաշտպանելն ավելի հեշտ էր, քան լեզուն պահպանելը: Իմ սերնդի հնարավոր ազատախոհությանը հակակշռում էր պետության համակարգված, ամենօրյա ու նախանձախնդիր աշխատանքը հայոց լեզվի ու մեր մշակույթի պահպանության ուղղությամբ: Ցավոք, կոմունիստական գաղափարախոսությունն իր ծանր ներկայությամբ ամեն ինչ դարձնում էր կեղծ ու շինծու, որի հետեւանքով էլ այդ ջանքերը չէին տալիս անհրաժեշտ արդյունքը:      Ժամանակը համոզեց, որ բացարձակ արժեքներին` մայրենի լեզվին ու ազգային մշակույթին կեղծ միջոցներով վերաբերվելը համարժեք է ինքնասպանության: Այսօրվա պատկերը մեր աչքի առաջ է, եւ բոլորս էլ պատկերացում ունենք:



 



Լեզուն, ինչպես ծովը, ինքնամաքրման հատկություն ունի: Գրական լեզուն մայր գետն է, ուր թափվում են մեր զրնգուն լեռներից եկող մաքուր ու զուլալ բարբառները, ապահովելով գետի մաքրությունը պղտորումից: Սակայն ապավինել միայն լեզվի ինքնամաքրման հանճարին, մանավանդ, որ մեր գրական մշակույթից գրեթե դուրս է մնացել հայոց բազմերանգ բարբառը, նշանակում է նույն այդ լեզվի զավակներիս դնել խաղից դուրս, մեզ պահելով դասալիքի խարանը:



 



Այսօր, լեռներում ծվարած իմ գյուղում, ընկույզը գուզ ճանաչող մեր մանուկները մայրենի լեզվին ավիշ ու զորություն են հաղորդում ավելի, քան լեզվի քերականության ակունքներն անընդհատ պղտորող, օրվա ընթացքն ու պահանջները չիմացող կղերական լեզվաբանը: Իբրեւ հոգածու ծնող, լեզուն, այս դեպքում նաեւ եկեղեցին, հաճախ իրենց զավակների հետ համերաշխությունը պահպանելու համար, պետք է գնան նրա պահանջների ետեւից: Այո, որդուդ հասկանալի ու նրա զգացմունքներին հասանելի լինելու համար պետք է կոտրել քերականական կարծրատիպերը, ամեն օր լինել նոր, ամեն օր մատուցվելով նորովի:



 



Մեղա գալով հարցնեմ, թե կանոններ ու պատվիրաններ սովորեցնող մեր հոգեւոր ու աշխարհիկ ուսուցիչները հիշո՞ւմ են այս մասին, թե իրենց խնդիրը անաշխարհիկ, միս ու արյունից զուրկ կանոններ սովորեցնելն է միայն, որի արդյունքում ամեն աստծո օր ավելանում են լեզվի ու հոգու աղանդավորները:



 



Աստծո սիրուն, բերեք՝ իրար մեղադրելու փոխարեն, ուղղորդենք ու հուշենք. պետության բաժինը՝ իրեն, ժողովրդինը` իրեն, մասնագետինը` իրեն: Մայրենիի իմ ուսուցչուհի Ժենյա Հարությունյանը թե հիվանդ չլիներ, տեղին ու արդարացի բոլորին էլ երկուս կնշանակեր: Կնշանակեր ու կհայտարարեր. «Հայաստանի Հանրապետություն, քո ամենամեծ զորությունը քո մայրենին է, ում նկատմամբ պատշաճ խնամք ու հոգածություն չտանելու համար՝ նստիր, անբավարար:



 



Հայ ժողովուրդ (եւ ժողովուրդը Մաշտոցի դստեր առաջ գլխահակ կլսեր իր վճիռը), բավարարվելով հայրերի ստեղծածով, թերացել ես մայրենիի փառաբանության քո ամենօրյա աղոթքին զավակներիդ մասնակից դարձնել, պահապան դարձնել լեզվի տաճարին, նստիր, անբավարար»:



 



Ընկեր Հարությունյանի գնահատականների  հրապարակումից հետո «հայրենիք» կոչվող դասարանում երկար ու ծանր լռություն կիջներ:



 



Անդրանիկ ՀԱԿՈԲՅԱՆ