Բզեզը

Բզեզը
Լավ քաղաք է իմ քաղաքը: Ձանձրանալու րոպե փնտրել կարող ես, գտնել՝ չէ: Չնայած՝ փնտրելու ժամանակ էլ չի լինում: Դպրոցից գալիս մի ջրափոսից դուրս չեկած՝ մյուսն ես մտնում, մյուսից դուրս չեկած՝ թրիքը: Կոշիկ չի դիմանում: Ինչ արած, կյանք է, զվարճանքը սրտի գարունն է, կոշիկի՝ դեկտեմբերի երեսունմեկը: Մահը, էլի:



 



Մայրս դժգոհ է՝ քաղաքում, ասում է, ասֆալտի վրայով են քայլում, մարդավարի, զամշ են հագնում, ֆռֆռում: Զամշն իմ ինչի՞ն է պետք: Առանց զամշի էլ ֆռֆռում եմ: Զամշը թող իր տեղում լինի՝ գոմեշի մեջքին: Էդպես ես էլ եմ երջանիկ, գոմեշն էլ:



 



Աղբատեղում աղբն ամեն տեղ է՝ բացի աղբամաններից: Կողքին էլ գրված է՝ Շնորհակալություն տարածքը մաքուր պահելու համար: Կարդալ նոր եմ սովորում, գուցե սխա՞լ եմ կարդացել, այ մարդ, չէ, էլի, էն գիտուն Օֆիկն էլ մի երկու ժամ մլուլ տվեց ու թե՝ այ Ասո, հա էլի, քո ասածն է գրված, երեւի ձեռ են առնում: Ո՞նց թե ձեռ են առնում: Տո դրանք գիտե՞ն, թե էս տարածքը կեղտոտողն ով է, որ ձեռ են առնում: Տո ես դրանց... «Օֆիկ,- ասում եմ նենգորեն,- ձեռ առնողն ո՞վ է»: «Ո՞վ պիտի լինի, երեւի քաղաքապետը, էլի»: Իսկ քաղաքապետը գիտի՞, որ իրենց տան լուսամուտներից մեկն էսօր տկլոր է մնալու: Ասոն հոգ կտանի, որ քաղաքապետն էս գիշեր սրթսրթալով քուն մտնի. ձեռ առնելս ո՞րն է. աղբի մոտ տոպրակներով ուտելիքը որ չշարեմ, աղբանոցի կատուն ու շները քաղաքապետի տան խաշն են ուտելո՞ւ: Դեռ հլա ես կասկածներ ունեմ, որ քաղաքապետն է իմ կատուների ու շների խաշն ուտում, էդ կասկածս էլ գիտուն Օֆոն որ հաստատեց, քաղաքապետի աղջկերքն էլ են սրթսրթալով քնելու: Կնիկն էլ: Զոքանչն էլ: Բարսեղն էլ:



 



Բարսեղն ինչ կապ ունի՞: Քաղաքապետի հետ՝ ոչ մի: Ինձ հետ ունի: Հին հաշիվ է:



 



Ինձ Ասո են ասում: Անունս Աստղիկ է, բայց Ասո են ասում: Ինչի՞: Ասեմ:



 



Մի օր իջնում եմ բակ՝ ջրծաղիկով հիվանդ եմ, տնից փախել եմ, իջել խաղահրապարակ: Նոր ձի ու սահարան են տեղադրել՝ թարմ գույները հուրհրատում են, լուսամուտից կանչում: Կանաչով պատված՝ կանաչի տակից հազիվ եմ երեւում: Բակում Բարսեղն է՝ դրա կապույտը չկա՞ր, ասում է, մենակ կանաչն ես քսել մռութիդ: Կար, ասում եմ, կարմիրն էլ, մանուշակագույնն էլ, ծիածանի բոլոր գույները կային, քեզ համար եմ պահել: Բարսեղը գիտի, որ կենդանի արարածների հանդեպ թուլություն ունեմ. մի բզեզ է ճանկում ու թեւը պոկում: Արյունը գլուխս է խփում՝ ձեռքս գցում եմ ու ֆշշալով քաշում Բարսեղի թեւից: Թեւը ճրթճրթում է, ու մի ողջ փողոցի մեջ ձայները դադարում են՝ մենակ Բարսեղի ոռնոցն է լսվում: «Էս ինվալիդ բզեզն ի՞նչ է, որ սրա պատճառով ինձ ինվալիդ սարքեցիր»,- գոռում է ապուշ Բարսոն՝ կատաղությունից թեւը դուրս եմ գցել: «Այ հիմի, Բարսեղ ջան, բզեզը՝ քեզ ախպեր, տար տուն, մի անկողնում կքնեք»:



 



Հաջորդ օրը թարմ ձիու կանչին էլի ես ու Բարսոն ենք ընդառաջ՝ ես ջրծաղիկից ու մորիցս եմ փախել, Բարսոն՝ միայն ջրծաղիկից, մի թեւն էլ գիպսի մեջ դրած: «Արա Բարսո,- ասում եմ,- դրա կապույտն ու մանուշակագույնը չունեի՞ք, էդ ինչի՞ ես կանաչին զոռ տվել»:



 



Հիմի կասեք՝  է՞լ ինչ ես ուզում էդ խեղճ Բարսոյից: Ախպերս, Բարսոյի թեւը լավացել է, անհոգ-անդարդ ֆռֆռում է, իսկ բզեզս մի թեւով ով գիտի սովից որ թփի տակ մեռավ: Բա գոնե մի գիշեր մի ողջ սպանության դիմաց Բարսոն չմրսի՞: Բա դա արդարությո՞ւն է: Ասոյի դատաստան կասեն սրան. էս քաղաքում բզեզների խաթրին կպնող պիտի չլինի: Աղբանոցի էլ:



 



Մոտ եմ գնում Բարսոյին ու մյուս թեւը բռնած՝ ականջին գոռում եմ՝ էդ ի՞նչ ես ֆշշացնում, հը՞: «Թող, Քերոբ,- ճչում է Բարսոն,- ես էլ քեզ հետ գործ չունեմ»: «Ինձ հետ չունես, բզեզի հետ ունեցել ես, դեռ հլա պատասխան ես տալու»: Ու տալու է: Քաղաքապետն էլ:



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ