Պատարագները թուրքերենով չեն անցկացվել

Պատարագները թուրքերենով չեն անցկացվել
Գերմանիայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանը պարզաբանում է ներկայացրել օրերս մամուլում շրջանառվող այն տեղեկությունների, թե Քյոլնում գտնվող հայ եկեղեցու առաջնորդարանում պատարագները մատուցվում են թուրքերենով:

Պարզաբանման մեջ ասված է. «Գերմանիայի Թեմում ծառայում են վեց հայ հոգեւորականներ, որոնցից չորսը բացարձակապես չեն տիրապետում թուրքերեն լեզվին, հետեւաբար չեն էլ կարող խոսել կամ քարոզել թուրքերեն: Մյուս երկու հոգեւոականներից մեկն էլ միայն վերջերս է ձեռնադրվել եւ ընդամենը մեկ ամիս առաջ հովվական պաշտոնի նշանակվել Քյոլնի Հայ Համայնքում: 1995 թ. հունվարից սկսած Քյոլնի Հայ Համայնքում միշտ էլ ծառայել եւ հետեւաբար Սբ. Պատարագներ են մատուցել ու այլ արարողութուններ են կատարել հոգեւորականներ, որոնք չեն տիրապետում թուրքերենին: Կարծում ենք` հասկանալի եւ հստակ է, որ նրանք չէին եւ չեն կարող խոսել ու քարոզել թուրքերեն: Հետեւաբար, միայն Թեմակալ Առաջնորդ Գարեգին Սրբազանն է, որ տիրապետում է թուրքերենին: Իսկ Առաջնորդ Սրբազանը միայն երբեմն է անձնապես Սբ. Պատարագ մատուցում, հիմնականում եկեղեցական մեծ տոների առիթով, որոնց ընթացքում էլ քարոզում է ընդհանրապես հայերեն:



Այնուհանդերձ գաղտնիք չէ, որ Գերմանիայի հայության մի ստվար զանգված այստեղ է եկել Թուրքիայի զանազան գավառներից, եւ բոլորիս ծանոթ պատճառներով զրկված է եղել սովորելու իր մայրենի լեզուն: Նրանք կարողացել են ծանր պայմանների տակ շատ հաճախ գաղտնի կերպով պահպանել միայն իրենց քրիստոնեական հավատքը եւ կապվածությունը մեր եկեղեցուն: Գերմանիա տեղափոխվելուց հետո նրանց բացարձակ մեծամասնությունը իր պարտքն է նկատել կազմել եկեղեցական համայնքներ եւ որպես իրենց հավատքի արտահայտություն մասնակցել եկեղեցական արարողություններին: Նրանք բոլորն էլ, երբ մասնակցում են Սբ. Պատարագին եւ այլ արարողությունների, որոնք երբեմն տեւում են երկու ժամ կամ ավելի, համբերատարությամբ ունկնդիր մեր աղոթքներին ու շարականներին եւ նաեւ քարոզին, հաճախ առանց գոնե մեկ բառ հասկանալու, բայց գիտակից, որ դա իրենց հայրերի եւ մայրերի աստուածախոս հայերեն լեզուն է: Չի եղել եւ չի կարող լինել մի դեպք, որ Գերմանիայում գործող Հայ Եկեղեցում արարողություն մատուցվի թուրքերենով:



Առաջնորդարանը, որպեսզի այս մարդիկ գոնե ինչ-որ չափով հասկանան արարողությունները եւ հաղորդակից դառնան Հայ Եկեղեցու ուսմունքին, տոներին ու սովորություններին, հայերենին եւ գերմաներենին զուգահեռ երբեմն պատրաստում է նաեւ իրենց հասկանալի լեզվով գրքույկներ ու թերթիկներ եւ դրանք բաժանում նրանց: Մեծ Պահքի ընթացքում, երբեմն-երբեմն, բայց ընդհանրապես եկեղեցուց դուրս սրահում թուրքախոս զանգվածին իրենց հասկանալի լեզվով բացատրություններ են տրվում օրվա խորհրդի եւ իմաստի մասին: Առանձին կամ անհատական ծեսերի ընթացքում (Սբ. Մկրտություն, Սբ. Պսակ, Թաղում) հնարավոր է` ընտանիքի խնդրանքին ընդառաջ եւ լեզվին գիտակ հոգեւորականի ներկայության դեպքում արարողությունից հետո տրվի կարճ բացատրություն կամ խրատական ծեսի կամ խորհրդի մասին: Իսկ նման դեպքերը բացառություններ են»: