Րաֆֆի, հարազատ ծնողը չի թողնի մանկանը երկու մասի կիսել

Րաֆֆի, հարազատ ծնողը չի թողնի մանկանը երկու մասի կիսել
Այսօր ողջ ազգս վերլուծությամբ է զբաղված՝ ինչո՞ւ ենք այս վիճակում հայտնվել: Ինչքան վերլուծում, տալիս- առնում ենք, վերջը նույնն է՝ նախագահին պիտի փոխենք: Գազը թանկանում է՝ նախագահին պիտի  փոխենք, հեռուստատեսությամբ էժանագին հաղորդումներ են լինում՝ նախագահին պիտի փոխենք, Ազգային ժողովը լավը չէ՝ նախագահին պիտի փոխենք, հացը թանկանում է՝ նախագահին պիտի փոխենք…



 



Վերջում էլ կռվում ենք՝ ինչո՞ւ նախագահը չի փոխվում:  Երբ մի քիչ էլ քաղաքականապես հասունանում ենք, ասում ենք՝ ռեժիմը պիտի փոխենք: Ու երբ չենք կարողանում փոխել, արտագաղթում ենք… Ընտրել ենք մաքսիմալիստական ծրագիր՝ կամ նախագահին փոխել, կամ արտագաղթ: 20 տարի է՝ նախագահ ենք փոխում, ինքներս մեզ համար նախագահ ենք ընտրում՝ Դեմիրճյան՝ նախագահ, Լեւոն՝ նախագահ, Րաֆֆի՝ նախագահ, հետո տեսնում ենք, որ դե ֆակտո մեր ընտրածները չեն նախագահը, էլի արտագաղթում ենք… Նախագահափոխության կարուսելից ողջ ազգիս գլուխը պտտվում, սիրտը թրթռում է:



 



Ո՜նց չթրթռա, Րաֆֆին ժողովրդին ասում է՝ 2-3 ժամ հետո կամ վաղը այս հրապարակում հաղթանակ ենք տոնելու… Ժողովուրդ, դե դիմացիր: Մտածում ես՝ որ այդպես վստահ ասում է, մի բան գիտի, էլի՜… Հետո մի մատ երեխայի պես ժողովրդին առնում ու նախագահի մոտ հանդիպման է գնում: Մտնում ու ասում է. «Բարին տեսանք, պարոն նախագահ...»: Ասում եւ այնպես լայն ու առինքնող է ժպտում նախագահին, որ լացս գալիս է մեր ժողովրդի ու ինձ համար: Նախագահի մոտից դուրս է գալիս, ու մինչեւ հիմա ժողովուրդը պարզ չի իմանում՝ ի՞նչ է ասել նախագահը, որ այդպես այլայլված էր Բաղրամյան 26-ից դուրս եկել… Հետո էլ որոշում է, որ նախագահին, վարչապետին ու Տարոնին միասին հրապարակ կանչի: Այ Րաֆֆի ջան, ախր տղայական «ռազբորկա» չէ, որ ժողովրդին հավաքում ու նախագահ ես կանչում… Լավ ես անում, որ կանչում ես, բայց հավատո՞ւմ ես, որ կգան…



 



Գուցե դա եվրոպական տեխնոլոգիա է, բայց Հայաստանի պես համակարգային կարծրացած երկրում եվրոպական քայլերն իշխանության համար փետուրի շոյանքի պես մի բան են… Եթե քարը կարծր է լինում, եթե կոշտ ճանապարհով չես ուզում կոտրել, սահմանադրորեն ես ուզում փշրել, հարկավոր է ոչ թե ժողովրդին «թեւավորել», այլ սթափ դատողությամբ առաջարկել՝ քարը ծակել ջրի կաթիլով… Ժողովրդական ասացվածքն ասում է՝ կաթիլ-կաթիլ ջուրը քար կծակի: Ռուսական, եվրոպական ու ամերիկյան զրահապատված քարը եթե կոշտ ճանապարհով չես կոտրելու, ժողովրդին մի ասա՝ հեսա հա՜, կոտրում ենք… Նախագահի՞ն ես վախեցնում, թե՞ հուսահատված ժողովրդին ոգեւորում…



 



Աշխարհի ոչ մի երկրում իշխանությունը կամովի չի հանձնվել, որոշակի ձեւ գոյություն ունի, եւ այդ մեխանիզմը պետք է կիրառել ոչ թե նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այլ մինչ ընտրությունը եղած շրջանը լիակատար օգտագործել… Սահմանադրական այլ ձեւ չկա: Ժողովրդին պետք է հոգեբանորեն պատրաստել երկարատեւ պայքարի ու ոչ թե ասել՝ վաղը… վաղը…, որ նրանք էլ ասեն՝ չէ, հենց հիմա… Պատրաստել երկարատեւ պայքարի, հարգելի Րաֆֆի, դու դա կարո՞ղ ես անել, թե՞ յուրայինների համար պատասխանատվությունը կստիպի քեզ իշխանության հետ մերձեցման այլ քայլերի գնալ… Կարո՞ղ ես կաթիլային գործելակերպով ծակել քարը… Մեծ պատասխանատվություն է պայքարից ետ կանգնելը, դա նոր արտագաղթի ակոս կբացի… Կարո՞ղ ես ժողովրդին երկարատեւ պայքարի ոգի տալ: Եթե կարող ես, խնդրում եմ, արա: Ինքդ էլ գիտես, որ ավարտվել է այս փուլում նախագահ դառնալու հավանականությունը, գիտես ու Սերժ Սարգսյանի հույսին ես թողնում իշխանությունը կամովի հանձնելու ուտոպիան: Սովորեցրու մարդկանց կաթիլ-կաթիլ քարը ծակելու արվեստը: Ո՞րն է դա:



 



Քաղաքական մեր առաջնորդները ժողովրդին պատրաստում են միայն մաքսիմալիստական ծրագրերի իրագործման համար՝ նախագահ ու վերջ, հարկավոր է սկսել փոքր քայլերից: Պատն ամուր է: Պարտադիր չէ մշտապես մեծ  հանրահավաքներ կազմակերպվեն: Փոքր պահանջատիրական խմբերով կարելի է լուրջ գործ կատարել: Շատ քիչ եմ հանդիպում խմբերի, որոնք դուրս են գալիս փողոց ու իրենց շահերն են պաշտպանում, իսկ եթե դա կատարվում էլ է, հանրային աջակցություն չեն ստանում… Աջակցեք այդ խմբերին, օգնեք, ժողովրդի ճնշմամբ, նաեւ մեծ հանրահավաքներով պարտադրեք իշխանությանը՝ կատարելու պարտադրված քայլեր… Ամենամեծ լծակը ժողովուրդն է, օգտվեք այդ լծակներից՝ ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն ժողովրդի… Ու քայլ-քայլ կտեսնեք, որ փոքր հաղթանակներով մեծ դաշտ է բացվում, այդժամ, եթե չուզեք էլ, ժողովուրդը կմտնի այդ դաշտ ու պատերազմ կտա… Հիմա անզեն ժողովրդին ո՞ւր ես տանում, երբ դիմացինը մինչեւ ականջները զինված է… Զո՞րք ես ուզում, զինիր զորքդ, մի հանձնիր իշխանությանը… Մի թուլացրու, մի պառակտիր ժողովրդին, այդ վտանգը կա: Մի գրառում կարդացի ու սարսռացի, Հրաչ Պետրոսյանն է գրում. «Մարդկայնորեն խելացի եւ քաղաքականապես հեռատես քայլ արած կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե իսկական հարազատ մոր նման հրաժարվեր մանուկը երկուսի կիսելուց...»:



 



Այսօր մանկան կիսման հարց է դրված, հարգելի Րաֆֆի, հարազատ ծնողը դա չի անի. եթե իրապես ընդդիմադիր դաշտ ես ուզում ստեղծել, մի սպանիր 2008 թվականի պայքարի ոգին… Խոսքս ոչ թե Լեւոնի, այլ ժողովրդի մասին է… Եվ այն սերը, որն անընդհատ իշխանությունն է թմբկահարում Րաֆֆի առաջնորդի վերաբերյալ, միայն այդ դեպքում հարազատ ծնողի սեր կհամարեմ:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ