Երեւանը չդարձնենք ֆայլաքաղաք

Երեւանը չդարձնենք ֆայլաքաղաք

ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններից առաջ այլընտրանք երեւալու բուռն ցանկության մեջ է: ԲՀԿ-ի նշաձողը, հոպ, դարձել է հաղթանակը, իսկ ցուցակն էլ, ինչպես նշել է Նաիրա Զոհրաբյանը, պատրաստ է, բայց դեռեւս չեն հրապարակում, որովհետեւ հույս ունեն իրենց շուրջ համախմբել ընդդիմադիր դաշտը: Իրենց շուրջ, այսինքն՝ իրենց ցուցակի մեջ՝ սկսած 2-րդ կամ 3-րդ համարներից: Իսկ ցուցակը գլխավորում է ոչ այլ ոք, քան ինքը՝ Վարդան Օսկանյանը:





Նախագահական ընտրությունների արդյունքներն ու հետընտրական ընթացքը հաշվի առնելով, թվում էր, ԲՀԿ-ն այսքան ինքնավստահ ու ինքնահավան չպիտի լիներ: Ինչպես է պատահում, օրինակ, որ Սերժ Սարգսյանի դեմ թեկնածություն չդնող «հաղթական» ուժը մեկեն ձեռնոց է նետում նույն Սերժ Սարգսյանի թիվ մեկ «սարատնիկ» Տարոն Մարգարյանին, այն էլ նշաձող դնելով հաղթանակը: Մենք անձամբ, որքան էլ ջանում ենք, որեւէ երաշխիք չենք տեսնում, որ մի գեղեցիկ օր Սերժ Սարգսյանը չի հայտարարի, որ ինքն է առաջարկել Օսկանյանին՝ գլխավորել ԲՀԿ ցուցակը: Գյումրիի քաղաքապետի պատմությունը ձեզ օրինակ: Եվ սա չի՞ նշանակի, արդյոք, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ չառաջադրվելն ընդամենը առեւտուր էր Երեւանի քաղաքապետի պաշտոնի շուրջ: Չլիներ ՀՀԿ-ԲՀԿ համատեղ խաբեությունը՝ Սամվել Բալասանյանը ծոծրակը կտեսներ ու Գյումրիի քաղաքապետի պաշտոնը չէր տեսնի: Կա՞ մեկը, որ այսօր կասկածում է սրան:





Կա՞ մեկը, որ դեռ չի հասկանում, թե ինչ տեղի կունենա Երեւանի ավագանու ընտրություններում, եթե ՀՀԿ-ն այս անգամ էլ միայնակ մնա Րաֆֆու կամ ժողովրդական շարժմանն աջակցող ուժերի միասնական ճակատի դեմ: Իրավիճակն այսօր շատ նման է 2012 թ. ԱԺ ընտրություններին նախորդած ժամանակաշրջանին, երբ տակավին բանակցություններ էին ընթանում քաղաքական ուժերի միջեւ՝ ընտրությունների ընթացքը համատեղ վերահսկելու հարցերի շուրջ: Այն ժամանակ, ճիշտ է, չէր խոսվում մեկ ցուցակով հանդես գալու մասին, բայց տրամաբանությունը հուշում էր, որ համատեղ գործողություններով միասնական վերահսկողություն իրականացնելու դեպքում կարելի կլիներ միանգամայն այլ արդյունքներ արձանագրել: Փոխարենը արդյունքներ արձանագրեց «ընդդիմությունոտ» դարձած ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ի համար հիանալի հնարավորություն ստեղծելով՝ ԱԺ-ում ունենալու բացարձակ մեծամասնություն:





Հիմա էլ կարծես՝ դրան են գնում: ԲՀԿ-ն դարձյալ իր «ընդդիմությունոտ» դերի եջ է՝ նրա ցուցակը գլխավորում է «քաղհալածյալ» Վարդան Օսկանյանը, իսկ կուսակցությունն ինքը բանակցությունների մեջ է ընդդիմության ուժերի հետ:





Կա մի հանգամանք, սակայն, որ կարող է վճռորոշ դեր խաղալ: Դա հրապարակում կանգնած ժողովուրդն է, որ դեռ չի ստացել իրեն հուզող հարցի պատասխանը՝ իշխանությունները ընդունո՞ւմ են իր հաղթանակը, թե՞ ոչ: ԱԺ ընտրություններից առաջ այդ ժողովուրդը հրապարակում չէր, բայց ԱԺ ընտրությունների արդյունքները տեսնելով՝ նրան այլ բան չէր մնում  անելու, քան նախագահական ընտրություններում ինքնակազմակերպվելը: Համակարգը սպասարկող ուժերն իրենց քաղաքական խաղերով խեղաթյուրել էին նրա պատկերացումներն իր հայրենիքի ներկայի ու ապագայի մասին: Եվ ահա, այդ ուժերն այսօր դրա պտուղներն են քաղում: Կհաջողվի՞ ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին նույն ջուրը մտցնել մարդկանց եւ ընտրել տալ Երեւանի այնպիսի ավագանի (կապ չունի՝ ՀՀԿ-ական, թե՞ ԲՀԿ-ական քաղաքապետով), որ կարտացոլի ԱԺ պատկերը, թե՞, այնուամենայնիվ, ընդդիմությունը կհամախմբվի եւ կկարողանա չեզոքացնել պրոիշխանական նոր խաղը: Այս հարցի պատասխանը կունենանք առաջիկա օրերին, երբ պարզ լինեն ընդդիմադիր կուսակցությունների վերդիկտները՝ միասնակա՞ն, թե՞ առանձին ցուցակով են գնում Երեւանի ավագանու ընտրություններին: Մյուս, ամենակարեւոր խնդիրն արդեն ժողովուրդն ինքը կլուծի, ինչպես դա արեց Նախագահական ընտրություններում:





Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



 



Հ.Գ. Մի երեւանցի, որին խնդրեցինք կարծիք հայտնել՝ ՀՀԿ-ն ի՞նչ շանսեր ունի Երեւանում հաղթելու, ծիծաղեց՝ բան եք գտել հարցնելո՞ւ: Դուք չեք հասկանու՞մ, որ այս վիճակում ՀՀԿ-ին նույնիսկ «ֆայլաբազարի» թիմը կհաղթի: Մենք, իհարկե, սա չընդունեցինք ի գիտություն, բայց լավ կլիներ Ահարոն Ադիբեկյանը մի հատ ելույթ ունենար, տեսնեինք՝ ինչ է սպասում Երեւանին: Նրա թվերը հետաքրքիր են այնքանով, որ 30-40 տոկոսով հետուառաջ անելու դեպքում, ճիշտ պատկեր է ստացվում: