«Շիրակի մարզի երկու գեներալ-մարզպետների նշանակումը պատահականություն է»

«Շիրակի մարզի երկու գեներալ-մարզպետների նշանակումը պատահականություն է»
Այսօր Շիրակի մարզպետարանում  ՀՀ տարածքային նախարար Արմեն Գեւորգյանի, Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ մարզպետարանի այլ աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ փակ խորհրդակցություն: Մինչ այդ Ա. Գեւորգյանը մարզպետարանի համայնքապետերին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:



 



Վերջինս ասաց՝  առանձնապես ասելիք չունի եւ որ շնորհակալ է, որ իրեն հնարավորություն է ընձեռնվել ինչ-որ չափով ծառայել ժողովրդին: «Միակն բանը որ  կասեմ, կփորձեմ աշխատել մարդկանց հետ, որոնք հիմա աշխատում են: Աշխատանքի մեջ կերեւա՝ ով է շարունակելու աշխատել, ով չի շարունակելու»,-նշեց Ֆ.Ցոլակյանը:



 



Ըստ Ֆ.Ցոլակյանի, նա մարզի խնդիրներին դեռ մանրամասնորեն ծանոթ չէ: Անդրադառնալով  Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի կրած պարտությանը, վերջինս ասաց. «Շիրակի մարզում ինչ եղել է, դա արդեն ասում է ընտրությունների մասին, իսկ մարզի երկու գեներալ մարզպետների նշանակումը  պատահականություն է»:



 



Մուշ-2-2, թաղամասում աշխատող որոշ բանվորներ էլ բողոքեցին, որ  մոտ 100 հոգի աշխատավարձ չեն ստացել, իսկ Ա.Գեւորգյանն էլ խոստացավ  Երեւան գնալուն պես իրենց հարցին լուծում տալ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու Ս.Սարգսյանը Գյումրիում պարտություն կրեց ասաց հետեւյալը. «Իմ խնդիրն այն է, որ ես կազմակերպեի ընտրություններ, որպեսզի լիներ: Հիշում ե՞ք, ես ասացի ինչ տաք օր է եւ էդպիսի հոսք էր: Եթե հիշում եք, ասեցի որ, նորմալ ընտրություններ են կազմակերպվել: Քաղաքապետի հետ կապված ինչ-որ բան ես կազմակերպել եմ»:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ