Հակոբ Հակոբյան. «Ուրախ եմ, որ իբրեւ նկարիչ ապրեցի»

Հակոբ Հակոբյան. «Ուրախ եմ, որ իբրեւ նկարիչ ապրեցի»
Մարտի 9-ին, 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեր ժամանակի ամենամեծ գեղագետներից մեկը՝  ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը: Վարպետի հետ անցած տարի ունեցած մեր հարցազրույցը հետահայաց ներկայացնում ենք հատվածաբար:  



 



***



 



Մենք բոլորս ալ տեսնում ենք, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանին մեջ, ես այդ մարդկանցից մեկն եմ: Այսօր Հայաստանին մեջ հիմնական դժվարությունը, որ կա, գործազրկությունն է, ժողովրդի մեծ մասն աշխատանքով չի ապահովված, ուրեմն չունի կայուն եկամուտ: Եթե մեկը կայուն եկամուտ ու աշխատանք չունի, ուրեմն նա ազատ մարդ չէ, նա չի կարող ազատ պետություն ստեղծել:



 



***



 



Տասնյակներով մարդիկ սպանվեցան ցույցի ժամանակ, բանակում, բայց ոչ մեկը չի պատժվել, մեկը դատարան չգնաց, տելեվիզորով ցույց չտվեցին մի մարդու կամ ասեին` ահավասիկ, սա այդ մարդասպանն է, որ պատժվեցավ 5 կամ 20 տարի: Դրա համար այս պատահարները դարձնում են մարդու կյանքը ոչ հարմարավետ, ոչ ապահով, եւ թողնում-գնում են: Եթե երկրի մեջը չկա արդարադատություն, որ հսկում է հանցագործներու վրա ու պատժում նրանց, այդ երկիրը չի կրնա երկիր դառնալ:



 



***



 



Ընտրությունն ամենանորմալ բանն է քաղաքակիրթ երկիրներուն մեջ, բայց մեզ մոտ անդադար խաթաղում (կեղծում) են, եւ դժվար է հավատալը ահավասիկ, դժվար է հավատալ, որ հայերը երբեւէ կկարողանան առանց խաթաղելու ընտրություն անել, դա արդեն դարձել է սովորություն, որը ցավով եմ ասում մեր ժողովրդի մասին:



 



***



 



Փոքր ենք ու ինքնաբերաբար փոքրոգի ենք դառնում, բայց մենք, իբրեւ հայ մարդ, շատ ընդունակ ենք, գրե այս խոսքը խոշոր տառերով, շատ կարողություններ ունենք, շատ օժտված ենք, շատ լավ հատկություններ ունենք, դա մերն է, ու Աստված դա մեր ժողովրդին տվեր է հատուկ, մնում է իմանանք օգտվիլ այդ բաներուն: Մենք ոչ հիմար ժողովուրդ ենք, ոչ էլ հետամնաց, մենք արվեստ ունենք, մշակույթ ունեցել ենք, ունենք եւ տակավին կրնանք ունենալ: Մեր ժողովուրդն իր գեներու մեջ ունի հանճար: Եթե մենք տվել ենք Կոմիտաս, Արամ Խաչատրյան, ուրեմն մեր ազգը չի մեռել, ուրեմն ուրիշ Կոմիտասներ կան, ուրիշ Սարյաններ, Չարենցներ կան, որոնք պետք է դուրս գան: Այդ մասին կասկած չունեմ, եթե միայն չթողնին-չգնան այս երկիրը:



 



***



 



Միշտ երազել եմ ու մի երազանք եմ ունեցել, որ կարողանամ նկարչությամբ ապրիլ: Ես միայն ափսոսել եմ այն 10 տարիներու համար, որ չեմ աշխատել, մնացած ժամանակս ես ապրել եմ իմ նորմալ կյանքովս, նկարչությամբ եմ զբաղվել: Սկզբում Հայաստանում այդքան հեշտ չէր, հետո կամաց-կամաց սկսեցի ինքզինքս գտնելը, ուրախ եմ, որ իբրեւ նկարիչ ապրեցի: Ես մեծ նկարիչ մը չեմ, նշանավոր, ինչպես Սարյանը, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն գրող չի կրնա Չարենց ըլլալ: Ինձ համար իմ չափովս աշխատում եմ, նկարում, ու մարդիկ հավատում են, դժգոհ չեմ կյանքիցս:



 



***



 



Մի օր կինս ասավ` ես էլ եմ ուզում նկարել, ասեցի՝ խնդրեմ, ու սկսեց շատ լավ նկարել, ես ապշեցի, հիացա: Անկեղծորեն ասեմ՝ շատ մարդիկ ասել են, որ կինն ավելի լավ է նկարում, կնոջ գործն ավելի լավն է, կամ ինձ երեսիս ասում են` գիտես, քո կնոջ նկարներն ավելի լավ են, ասում եմ` ի՞նչ է եղել, միայն կինս չէ, որ ինձանից լավ է, հազարավոր նկարիչներ կան, որ ինձանից լավ են:



 



***



 



Արած գործը պատռելը երեխայական բան է, մի կողմ ձգե՝ թող մնա, ի՞նչ ես ճղում, չես հավանում՝ հետո կրնաս տեսնել, որ դրա մեջ մի բան կար, որ արել ես: Այսպես հարյուրավոր նկարներ կորցրել եմ, որոնք կրնային մնալ, կրնային ինձ օգնել շարունակելու: Այդ ժամանակ երբեմն լինում ես տագնապի մեջ, ու այդ ժամանակ մարդ վնասներ է պատճառում ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն, այդկերպ իրենց են պատժում, իրենց թույնն իրենց վրա են թափում, ոչ թե ուրիշի: Էդ տեսակ ժամանակ հարյուրավոր նկարներ ոչնչացրել եմ, որոնց համար ափսոսում եմ, պետք չէ ոչնչացնել. եթե անպետք է, ինքն իրեն կոչնչանա:



 



***



 



Ես հայկական կրթություն ունեմ եւ երբ սկսել եմ գիտակցել, որ հայրենիք կա, որ Սովետական Միությունում է այդ հայրենիքը, չէի իմանում ինչ տեսակ տեղ է, լավն է, վատն է, բայց միշտ երազել եմ Հայաստան գալ, գիշեր-ցերեկ անդադար երազել եմ ու վերջապես 62թ.-ին եկա եւ Հայաստան գալուց հետո երկար տարիներ չէի ուզում Հայաստանի սահմանից դուրս գալ, ուզեցել եմ գալ մի տեղ, որ վերջնական ըլլա իմ համար, տուրիստ չեմ, այլ եկել եմ հայրենիքս՝ չիմանալով, որ սա շատ դժվար ռեժիմ է: Տասնյակ հազարավոր մարդիկ եկան, բայց ետ գացին, բայց ես ոչ մի րոպե չեմ մտածել, որ վերադառնայի, ո՞ւր երթամ, ինչի՞ երթամ, ի՞նչ անեմ Ֆրանսիա կամ Ամերիկա, սա իմ երկիրս է ու իմ ժողովուրդս:



 



Հարցազրույցը տպագրվել է 2012թ. մայիսի 17-ի եւ 18-ի համարներում: