Հանկարծ՝ այց

Հանկարծ՝ այց
Չի բացառվում, որ այսօրվա հանրահավաքին հայտարարեն, թե ռուսաստանյան հանդիպումների կարեւորությունից ելնելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձը Հայաստան հետաձգվում է: Նաեւ ոչ մի երաշխիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանկարծ չի որոշի Մոսկվայից թռչել Պեկին եւ նոր միայն վերադառնալ Երեւան:



 



Կարելի է նաեւ համահայկական շրջագայություն կազմակերպել եւ ողջ Սփյուռքը երդվել տալ: Դա պակաս տպավորիչ չի լինի, եւ Սերժ Սարգսյանը գուցե հասկանա, որ երդվելը միայն ձեռքը Սահմանադրության ու Վեհամոր ավետարանի վրա դնելով չէ: Որքան մարդ, այնքան՝ աշխատաոճ: Ոմանք նախապես ծրագրեր են հրապարակում, բայց աշխատանքի պահը երբ գալիս է, մոռանում են իրենց ծրագրերի մասին: Մարդ էլ կա՝ նախ անում է քայլը եւ հետո միայն հայտարարում, որ դա իր ծրագրային քայլն է: Րաֆֆին, անշուշտ, երկրորդ խմբին է պատկանում՝ նախ անում է, ինչ ուզում է, հետո բացատրում, թե ինչու արեց դա: Սա խոսում է նրա ինքնավստահության մասին, բայց առայժմ այդ ինքնավստահությունը ոչ միշտ է հանգեցնում գործնական հաջողությունների:



 



Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ են բոլորն այսպես իրար անցել: Ի՞նչ տարօրինակ բան կա, երբ ՀՀ նախագահը (մանավանդ երդված) իր առաջին այցը կատարում է Մոսկվա: Ընդ որում՝ ինչքան շուտ անի դա, Մոսկվայում այնքան բարձր կգնահատեն նրա համապատասխան արժանիքները: Այնպես որ «Ժառանգությունն» իզուր է հանրությունից գաղտնի պահել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա մեկնելու որոշումը: Փաստորեն, եթե ֆեյսբուքահայերից մեկը Րաֆֆուն իր ընտանիքով չտեսներ օդանավակայանում եւ իր էջում հավար չդներ, մենք կարող է եւ չիմանայինք այս իրադարձության մասին: Սիրուն չէ, երբ նախագահի աշխատակազմն այդ աստիճան թերանում է իր աշխատանքներում եւ նախագահի այցերի մասին պատշաճ չի տեղեկացնում հանրությանը: Տեղեկացնելու դեպքում էլ՝ չի կարելի այդքան անփույթ լինել: «Ժառանգությունից» երեք հոգի երեք տարբեր մեկնաբանություններ են տվել այցին՝ մասնավոր այցից մինչեւ պաշտոնական Մոսկվայի հրավեր: Ինչպե՞ս հասկանալ գլուխները կորցրած ժառանգականներին: Բայց նրանց էլ մեղադրելու չէ: Րաֆֆին նրանց բան ասո՞ւմ է, որ բան իմանան: Մեկ էլ կանգնում է ու հայտարարում՝ վաղը գնում ենք Սյունիք, Սուրիկի հրաժարականի հետեւից: Եվ կամ՝ հանրահավաքին ցտեսություն ասելիս հիշում է՝ վաղն այսինչ ժամին կլինենք հաղթած Գյումրիում: Ապրիլի 9-ին չէ՞ր, որ շեղվեց երթուղուց: Այսքանից հետո ի՞նչ ասի «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ում քիչ էր մնացել հենց ապրիլի 9-ին խմածության մեղադրանքով «վիտրեզվիտել» տանեին, որովհետեւ, առաջնորդին կորցրած, ինքնաբուխ գործողությունների էր դիմել:



 



Բայց գանք այս խորհրդավոր այցին: Ինչո՞ւ ընտանիքով, եթե հրավերը պաշտոնական Մոսկվայից է: Իսկ ո՞ւր են Րաֆֆուն ուղեկցող պաշտոնական անձինք: Ո՞ւր է արտգործնախարարը: Կամ Րաֆֆին մի մշակույթի նախարար չունե՞ր՝ հետը տաներ, որ մոսկվաներում չասեն՝ անտեր է: Տեսնես թարգմանիչ տարե՞լ է, թե՞ իր իմացած ռուսերենին է ապավինելու՝ «Փութին», «զադնի», «պերեդնի», «պռիվետ», «կառտոշկա», «խարաշո»: Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող հայ քաղաքական գործիչներից Արամ Կարապետյանն անձնատուր է եղել, երբ լրագրողները հարցրել են՝ ո՞րն է լինելու Րաֆֆու հաջորդ քայլը: Իմ քաղաքագիտական գիտելիքները բավարար չեն՝ հասկանալու համար Րաֆֆի Հովհաննիսյանի պլաններն ու քայլերը՝ խոստովանել է նա: Իսկ եթե նրա պես մեկը, ով քաջատեղյակ է ամենատարբեր ոչ այնքան թափանցիկ կազմակերպությունների բոլոր ծրագրերին, նման բան է ասում, դա արդեն նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի կրակի կտոր է, անհանգիստ մարդ, որի ամեն հաջորդ քայլ կարող է նախորդի մերժումը լինել, հետեւաբար՝ անմեկնելի բոլորի համար:



 



Ամեն դեպքում՝ այցը Մոսկվա տպավորիչ է: Արդյունքները, գուցե, երեւան այսօր՝ Ազատության հրապարակում: Րաֆֆին պետք է կարողանա սառը ջուր լցնել հայֆեյսբուքի հանրապետական ակտիվի գլխին, որ երեկ առավոտից տժժում էր միայն իրեն հատուկ չարախնդությամբ: Եթե դա նրան հաջողվի, մենք միայն կողջունենք, քանզի Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ այդ թեւն այլեւս անտանելի է դառնում, փորձելով առավելություն ձեռք բերել Րաֆֆուն քարկոծելով:



 



Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ