Աշտարակի ավագանին ընդվզում է

Աշտարակի ավագանին ընդվզում է
Երեքշաբթի տեղի է ունեցել Աշտարակի ավագանու հերթական նիստը: Ավագանու 15 անդամից նիստին մասնակցել է 12-ը: Օրակարգում եղել է 14 հարց: Բոլոր մասնակիցներն էլ նիստում դրված  բոլոր հարցերին դեմ են քվեարկել: Սա եզակի երեւույթ  է տեղական ինքնակառավարման մարմինների ողջ պատմության մեջ:



 



Քաղաքապետարանի մեր աղբյուրը երեւույթը բացատրեց հետեւյալ կերպ` չեն ընդունում քաղաքապետին, դրա համար էլ դեմ են քվեարկում: Արդյունքում տուժում է համայնքի բնակիչը:



 



Հիշեցնենք, որ Աշտարակի ներկայիս քաղաքապետ Արմեն Անտոնյանի անունը` որպես քաղաքապետի թեկնածու, շոշափվեց, երբ Հանրապետական կուսակցությունը  Աշտարակից արդեն քաղաքապետի թեկնածու էր ներկայացրել: Միայն վերջին պահին վերեւներից առաջարկվեց  Ա. Անտոնյանի թեկնածությունը, որը քաղաքապետ դարձավ քիչ ձայների տարբերությամբ: Իսկ ահա նախագահական ընտրություններից առաջ Ա. Անտոնյանը, դիմելով աշտարակցիներին, ասաց` պետք է ձայներ ապահովենք գործող նախագահին, որպեսզի մեջքս պինդ լինի: Ինչպես գիտենք, Ա. Անտոնյանի ցանկությունը չկատարվեց, եւ Սերժ Սարգսյանն Աշտարակում պարտվեց 1300 ձայնի տարբերությամբ:



 



Պարզ ասած` քաղաքապետի նկատմամբ բարեհաճ չեն վերեւներում, նաեւ, մեղմ ասած,  չկամ են ներքեւներում: Ինչպես կփորձի այս իրավիճակից դուրս գալ Ա. Անտոնյանըյ` ժամանակը ցույց կտա: