Լավերը մնացել են, վատերը՝ փոխարինվել

Լավերը մնացել են, վատերը՝ փոխարինվել
Առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցություններն ավագանու ընտրությունների ժամանակ հանձնաժողովներում իրենց անդամների փոփոխությունները կատարել են մասնակի: Նախորդ՝ նախագահական ընտրություններին իրենց արդարացրած հանձնաժողովի անդամները մնացել են նույնը, թերացածները՝փոխարինվել ավելի պրոֆեսիոնալներով:



 



«Մասամբ են փոխվել, մասամբ մնացել նույնը: Նրանք, ովքեր արդյունավետ են աշխատել, իրենց գործի նվիրյալներ են, փորձառու են, մնացել են, իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ հարցերում թերացել են՝ փոփոխվել են: Բայց, կարծում եմ, փոփոխությունները մեծաթիվ չեն»,-ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Նախագահական ընտրություններում հանձնաժողովների իրենց անդամների աշխատանքից ամենաշատը տուժած «Ժառանգություն» կուսակցությունը եւս փոփոխություններն արել է նույն սկզբունքով: Կուսակցության կենտրոնական գրասենյակի համակարգող Լուսինե Պետրոսյանի խոսքով, լավ աշխատածները մնացել են, թերացածները՝ կփոխարինվեն գործի գիտակներով:



 



Գրեթե բոլոր կուսակցությունները նույնն են նշում: Նշենք, սակայն, որ հանձնաժողովի անդամների ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետն արդեն ավարտվել է: Կուսակցությունը հանձնաժողովի իր անդամին կարող է փոխել միայն վերջինիս ինքնաբացարկի դիմումի արդյունքում, ինչը բավականին բարդ է՝ եթե տվյալ անդամը չի ուզում գրել: Նշենք նաեւ, որ Երեւանում տեղակայված է 464 տեղամաս, եւ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն նշանակել մեկական անդամ: