Մի հանդուրժեք

Մի հանդուրժեք
Ինչպես պետք է ապրի պետական պաշտոնյան, հանրային դեմքը, որ երբեւէ չհայտնվի հրապարակային սկանդալների կիզակետում, չդառնա հասարակական պարսավանքի առարկա, չվարկաբեկվի ու չզրկվի հասարակության հարգանքից ու, որպես դրա հետեւանք, իր զբաղեցրած պաշտոնից-դիրքից:



 



Պատասխանները կարող են տարբեր լինել: Մեկի կարծիքով՝ դրա բանաձեւը Աստվածաշնչի, մյուսի համար՝ վերադասի պատվիրանները կատարելն է: Մեկը ձգտում է իր ազգուտակի, իր զավակների մոտ ամոթով չմնալ, մյուսը կարծում է, որ ինքն այնքան հզոր է ու անպատժելի, որ բավական է, որ իրենից վախենան ու զգուշանան: Մեկը կոմպրոմատներ է հավաքում իր համար վտանգ ներկայացնող անձանց վրա, որ հարկավոր պահին շանտաժ անի ու իր կարգավիճակը պահպանի: Մյուսը փորձում է իր դեմ կոմպրոմատներ հավաքելու առիթներ պարզապես չստեղծել: Մեկն ամաչում է, երբ իր մասին մի թթու խոսք է հայտնվում մամուլում, մյուսը թքած ունի աշխարհի բոլոր թերթերի ու լրագրողների վրա միասին վերցրած: Պարկեշտ, չափավոր, ամոթի զգացում ունեցող պաշտոնյաների պակաս կա մեզանում:



 



Մեր ճանաչած պաշտոնյաների մեծ մասն ամոթի զգացումը կորցրած, միայն սեփական գրպանի մասին հոգացող, լկտի ու անբարեխիղճ մարդիկ են: Ինչպե՞ս անել, որ առաջին տեսակն սկսի գերակշռել, իսկ երկրորդը կամաց-կամաց դուրս մղվի: Լուծումները, ըստ իս, հասարակական առողջացման մեջ են: Երբ ինքը՝ իշխանությունն է սկսում մերժել առաջիններին, ընդունել հղփացած ու ամոթը կորցրած պաշտոնյաներին եւ ավելի ու ավելի շատ գնահատել երկրորդներին: Իսկ հասարակությունը դատապարտում է ու չի հանդուրժում դրանց գոյությունն իր կողքին, իր մեջ: Ի վերջո, թալանն ու ցինիզմը, տգիտությունն ու ագահությունը հանդուրժել չի կարելի: Հանդուրժելը հանգեցնում է դրանց ծաղկմանն ու բարգավաճմանը: