Նախարարի քիմքով գնացեք

Նախարարի քիմքով գնացեք
Երբ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեւեռվեց Բրյուսովի համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի վրա, նախարար-ռեկտոր վեճին հետեւողներն ասում էին, որ ռեկտորը խախտել է պարկեշտության սահմանները եւ վիրավորել իր վերադասին:



 



Բնականաբար, Սուրեն Զոլյանը երկրի ղեկավարների հովանավորությունը չէր վայելում, եւ Աշոտյանը հաղթող դուրս եկավ այդ վեճում: Հիմա նախարարի թիրախում է հայտնվել ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանը: Նա ծնունդով ղարաբաղցի է, ժամանակին Մանկավարժական համալսարանի ռեկտորն էր ու երբ նշանակվեց ԲՈՀ-ի նախագահ, տեւական ժամանակ արտերկրում բուժվում էր, եւ անգամ երկարատեւ բացակայությունները պատճառ չդարձան, որ նրան ազատեն աշխատանքից: Նախօրեին Աշոտյանը, ստանալով Քաղծառայության խորհրդի համաձայնությունը, նրան ազատեց աշխատանքից՝ իբր ինչ-որ հանձնարարականներ չկատարելու հիմքով: Հասկանալի է, որ ազատման իրական պատճառը բոլորովին այլ է:



 



Այս մակարդակում չեն հասկանում, որ ոչ միայն անբարոյական, այլեւ անօրինական է մարդուն հորինված եւ ոչ իրական հիմքով աշխատանքից ազատելը: Չեն հասկանում նաեւ, որ այդ ավանդույթների ձեւավորումն է վտանգավոր, քանզի այսօր դու ես կիրառում այդ մեթոդները, վաղը մեկ ուրիշն է կիրառելու, եւ չի բացառվում՝ նաեւ հենց քո նկատմամբ: Չեն հասկանում նաեւ, որ այսպիսով քաղծառայության համակարգի, Աշխատանքային օրենսգրքի հիմքերն են քանդում եւ երկիրը դարձնում կամայականությունների դաշտ, որտեղ մարդը վերածվում է անպաշտպան տաշեղի, երբ ցանկացած աշոտյան վաղը կարող է դառնալ «ցար ի բոգ» եւ ցանկացած անձի գրչի մի հարվածով կարող է դարձնել գործազուրկ: Վերջապես, իսպառ ոչնչացրել են աշխատելու իմաստն ու այդ աշխատանքը գնահատելու չափորոշիչները: Միակ չափորոշիչը մնացել է նախարարի քիմքով գնալը: