Միայն թե մեր ներսից պեղենք

Միայն թե մեր ներսից պեղենք

Դավիթ Մուրադյանը գրում է. «Իսկ հայը սահմանագծային բնավորություն է: Միջին թվաբանականից դուրս: Սա դժվարացնում է նրա կյանքը, բայց... դիմադրողականություն ավելացնում: Ճակատագիրը տեղադրել է նրան մի խաչմերուկում, որտեղ պտտվում ու միմյանց հաջորդաբար ճնշում են պատմության հանդիպակաց մրրիկները: Հողմահարված կացարանի բնակիչ: Որ նաեւ նշանակում է թրծված:



Ասիան հայինը չէ: Բայց Արեւելքը` այո: Արեւմուտքը հայինը չէ: Բայց Եվրոպան` այո:



Չեմ առարկի, պարադոքսների կրկնակին է սա`տրամաբանության կանոնները շրջանցող: Բայց տրամաբանությունը մի բան է, իսկ կեցության խորհուրդը` մեկ ուրիշ: Տրամաբանությունը... մակերեսների համար է, մինչդեռ ճշմարտությունը, մեծ հաշվով` պարադոքսալ, սովորական համապատասխանություններից ավելի:



Համոզվելու համար` մեր մշակույթին նայենք, որովհետեւ մշակույթն ավելի է մերձենում էությանը, քան ուզածդ ռացիոնալ կառույց: Լայն մշակույթը, ոչ միայն գեղարվեստականը: Այսինքն` մարդու հարաբերություններն իր անձի ու բնօրրանի, բնօրրանի ու աշխարհի միջեւ: Հայկական խառնվածքի դժվարասանձ դինամիզմը` մի կողմից,-նորոգելու եւ նորոգվելու պահանջմունք,- եւ ավանդույթի կենտրոնաձիգ ուժը` մյուս: Այս վերջինն Արեւելքի ձայնն է, հնախորհուրդ, հիմնավոր, միշտ անկյունաքարը պահող. անխարիսխ նավն ո՞ւր լողա: Իսկ առաջինն ավելի շատ եվրոպական է, եթե կուզեք` դեռեւս միջերկրածովյան տարերք, որից էլ ճառագայթվել է Եվրոպան:



Արմատ ու շառավիղ` ահավասիկ այս հետաքրքիր կրկնագոյության բացատրությունը: Թեկուզ ոչ լրիվ, բայց մոտեցող: Արեւելքի բնական իմաստություն: Եվրոպայի բանական հայացք: Պատմականորեն տրված առավելություններ: Միայն թե մեր ներսից պեղենք...»: