Ինձնից հետո...

Ինձնից հետո...

Երբ նախկին տոտալիտար երկրի ու նրա 70-ամյա ավանդույթների բեռը չես հասցրել թոթափել, եւ եվրոպական ժողովրդավարության սաղմերը դեռ անգամ չեն ծլարձակել, ցանկացած կտրուկ քայլ կարող է գրողի ծոցն ուղարկել մեր 25-ամյա ջանքերը: Կարող է մեզ կրկին ետ մղել դեպի խավար ու անհեռանկար անցյալ: Այս օրերին բոլորի մտքում ու լեզվին միայն մի հարց է՝ ինչո՞ւ Մաքսային միություն, այլ ոչ թե եվրոպական ընտանիք: Եվ քանի որ տեղեկատվության մեծ պակաս կա, ստիպված ենք գուշակություններ անել, թե, ի վերջո, ինչը մղեց Սերժ Սարգսյանին այսքան անսպասելի քայլ անել: Իսկ որ այն անսպասելի էր, դրա մասին են հուշում վերջին տարիների գործընթացները՝ եվրոպացիների հետ բանակցություններ եւ այլն, ինչպես նաեւ իշխանական խոհանոցից սպրդող ինֆորմացիան: Եվ այսպես՝ ի՞նչն է մղել երկրի ղեկավարին համաձայնել Վլադիմիր Պուտինի առաջարկին: Թերեւս միայն երկու գործոն կարող էր վճռորոշ դեր խաղալ. Ղարաբաղի հարցը եւ ՀՀ ֆինանսական խնդիրները: Գուցե դրանցից մեկը եղել է ավելի դոմինանտ, քան մյուսը: Ասենք՝ ղարաբաղյան արմատներ ունեցող նախագահը կարող էր շատ ավելի սրտին մոտ ընդունել իր փոքր հայրենիքին ուղղված անորոշ սպառնալիքը կամ սրտում փայփայել այդ հարցն իր իշխանավարման օրոք վերջնականապես լուծված տեսնելու իղձը: Թեեւ չի բացառվում, որ երկրորդ գործոնն է ավելի էական եղել. մեր տնտեսությունն այնքան աղետալի վիճակում է հայտնվել, եւ մենք թոշակ ու նպաստ տալու լուրջ խնդիրներ ունենք: Նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհի խնդիրը կա: Ատոմակայանի: «Նաիրիտի»: Գազի սակագնի: Եվ Սերժ Սարգսյանը պրագմատիկ հաշվարկ է արել, որ իր պաշտոնավարման 4-5 տարիների ընթացքում ռուսների օգնությամբ կլուծի այս խնդիրներն ու պատվով կհեռանա նախագահի պոստից: Իսկ հետո՞: Հետո՝ թեկուզ ջրհեղեղ:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ