Դպրոցը նորոգելու փոխարեն փակեցին

Դպրոցը նորոգելու փոխարեն փակեցին

Մի քանի տարի շարունակ խոսվում էր այն մասին, որ Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոցը փակվում է: Փակվելու հիմնական պատճառը շենքային վատ պայմաններն էին: Ամիսներ առաջ անդրադարձել էինք դպրոցի խնդիրներին, այդ ժամանակ փորձեցինք դպրոցի տնօրենից պարզել` ամառային արձակուրդների ընթացքում դպրոցում շինարարական աշխատանքներ կատարվելո՞ւ են, թե՞ ոչ, սակայն տնօրեն Գայանե Մարտիրոսյանը չցանկացավ խոսել այդ մասին: Ասաց, որ դիմել են ՀՀ նախագահին եւ սպասում են նրա արձագանքին: Իսկ մամուլին ասելիք չունեն: Ընդամենը մի քանի օր անց տեղեկացանք, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոցն օգոստոսի 29-ին լուծարվում է: Շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամին: Մեկ անգամ եւս փորձեցինք կապվել դպրոցի տնօրեն Գայանե Մարտիրոսյանի հետ` պարզելու, թե վերջապես դպրոցին ինչ ճակատագիր է սպասվում: Այս անգամ էլ դպրոցի տնօրենը նշեց, որ մամուլին ասելիք չունի, երկար ժամանակ իր խնդիրները միայնակ է լուծել, հիմա էլ իր ուժերով կլուծի: Լավ չհասկացանք, թե ինչ խնդիր է լուծել՝ դպրոցի փակման որոշումն արդեն իսկ ընդունված է: Իսկ գուցե մեր նախորդ այցելության ժամանակ պատմեր, թե ինչ է սպասվում դպրոցին, ահազանգեր, եւ հանրության աջակցությամբ հնարավոր լիներ կանխել սպասվող լուծարումը:



Սեպտեմբերի 2-ից դպրոցում դասերը չեն վերսկսվել:  Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի ուսուցիչներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում տեղեկացրեց,  որ ամեն տարի էլ դպրոցը փակելու մասին խոսակցություններ լինում էին, բայց տնօրենի ջանքերով շարունակում էր գործել: «Բոլորիս համար էլ անակնկալ եղավ, որ դպրոցը փակելու պատճառը վերանորոգումը չէր, այլ շենքը տրամադրեցին մեկ ուրիշին»,- ասաց ուսուցչուհին: Նա տեղեկացրեց, որ դասարաններում քիչ թվով աշակերտներ կային, ինչպես նաեւ այն, որ դպրոցը չուներ երկրորդ, յոթերորդ եւ ութերորդ դասարան: «Քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցները միմյանց հետ մրցակցում են ոչ միայն աշակերտների թվաքանակով, այլեւ շենքային պայմաններով: Մեր դպրոցը կենտրոնի ամենաանմխիթար վիճակում գտնվող դպրոցն էր, դե, ծնողներն էլ, բարեկարգ դպրոցը թողած, քարուքանդ եղած դպրոց հաստատ չէին բերելու»,- ասաց ուսուցչուհին` հավելելով, որ դրա պատճառով էլ իրենց դասարաններից յուրաքանչյուրում սովորում էր  5-7 աշակերտ: Ըստ նրա, եթե դպրոցը ժամանակին վերանորոգեին` պատկերն ամբողջովին կփոխվեր: «Անցած տարի մոտ 10 հոգի դպրոցն ավարտեցին, տարեցտարի աշակերտների թիվը կրճատվում էր, իսկ նոր աշակերտներ դպրոց չէին ընդունվում»,- ասաց նա` տեղեկացնելով, որ աշակերտներին տեղափոխել են տարբեր դպրոցներ: Իսկ ինչ վերաբերում է ուսուցիչներին, անձամբ ինքը որեւէ դպրոց չի ընդունվել աշխատանքի, քանի որ տարիքը չի ներում: «Ֆիզկուլտուրայի եւ ռազմագիտության ուսուցիչներին օրերս են տեղավորել աշխատանքի: Դպրոցում քիչ չէին նաեւ կենսաթոշակի տարիքի ուսուցիչները, որոնք այլեւս աշխատանք չեն փնտրում»:                                                                                                                                                  Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցման` աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ 2012-2013 ուստարում դպրոցում սովորել է 48 աշակերտ: Աշխատակիցների թիվը 17 էր` 2-ը կենսաթոշակային տարիքի, 2-ն ազատվել են իրենց դիմումի համաձայն, 3-ն ունեն աշխատանք, 1-ը մեկնել է ԱՄՆ: Այլ դպրոցներ տեղափոխված աշակերտների թիվը 39 է:



 



ՀԳ - Ի դեպ, սա այն դպրոցն է, որտեղ նախորդ ընտրությունների ժամանակ քվեարկելիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընտրողներին հրապարակավ խոստացել էր, որ դպրոցը կվերանորոգվի: Չկա դպրոցը՝ չկա նաեւ նորոգելու խնդիրը: Համոզվեցինք, թե իշխանավորներն իրենց խոստումներն ինչպես են կատարում: 



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ