Գազելային «տղամարդկություն»

Գազելային «տղամարդկություն»

Ամեն տկտկացող կանացի կրունկի հետ կոմֆորտն ավելանում է: Հատկապես մեծ հաճույք են պատճառում շատ բարձրահասակ, շատ բարձր կրունկներ կրող աղջիկները. նրանց ծռված կերպարանքները ցույց են տալիս, թե որքան թանկ արժի այն նստատեղը, որի համար դու էլ, նրանք էլ նույն չթանկացված հարյուր դրամն եք վճարել, ու որն անհնար է հիմա քեզանից խլելը... Հաճույքի զգացողությունը մթագնում է քո նստարանից մի ձեռքով կառչած, մյուսով տոպրակի կոթը պահած չաղլիկ կինը, ով գազելի ամեն թեքումի ու պտտումի հետ կորցնում է հավասարակշռությունն ու վերականգնում, կորցնում է ու վերականգնում: Երբ գազելի բորտին ոտք է դնում մի երկարոտն գեղեցկուհի, ականջակալներդ ավելի են խրվում ականջներիդ մեջ, ձեռքերդ այնպես են մտնում գրպաններդ, որ անհնար է դառնում դրանք այնտեղից հանելը: Մուգ ապակիներով ակնոցը պաշտպանում է կանանց հայացքներից, ականջներումդ դղրդացող երաժշտությունը խլացնում է հնարավոր մտքերդ: էթիկետը, խիղճը, որ այնպիսի՜ մանրախնդիր ու հետամնաց հասկացողություններ են, հաճույքով թաղվում են աղմուկի ու հրմշտոցի տակ: Դու բարձրանում ես նստարանից՝ ափսոսանքով բաժանվելով թանկ աթոռից, որին տիրանալու պատվին հավանաբար այլեւս չես արժանանա, քանի որ երթուղային ֆորտունան հազվադեպ է այսքան լայն ժպտում երիտասարդ, առողջ տղամարդուն: Մեկ նստարանի շուրջ խմբված աղջիկները մնում են ոտքի՝ ոչ մեկը մյուսին սպանել չի ուզում, իսկ նոր բարձրացած երեսունհինգ-քառասունամյա տղամարդն արագ ու հարմարավետ տեղավորվում է նոր ազատված աթոռում ու հաղթանակած գեներալի տեսքով շարունակում իր ճանապարհը դեպի Էրեբունի-Դավիթաշեն-Նորագավիթ:



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ