Սուրբ տեղը դատարկ է մնում

Սուրբ տեղը  դատարկ է մնում

Երեկ մեր հայտնի քաղաքագետներից մեկը մասնավոր զրույցի ժամանակ ուշագրավ դիտարկում արեց. մեր երկրի պրոբլեմներն ընդդիմության բացակայությունից են: Միանգամայն համաձայն եմ: Երկրում ստեղծվել է մի վիճակ, որ դժվար է ասել՝ ընդդիմություն կա՞, թե՞ չկա: Ավելի շուտ՝ չկա: Ընդդիմադիր դաշտը մի տեսակ սմքել է, մաշվել, ամայացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ոչինչ նոր չի հայտնվում այնտեղ: Անգամ հայտնի ասացվածքները մեզանում կարծես թե չեն աշխատում՝ սուրբ տեղը դատարկ է մնում: Գուցե դեռ շո՞ւտ է, գուցե ժամանա՞կ է պետք, որ ընդդիմադիր ուժերն իրենց հավաքեն, փորձեն վերածնվել, կամ նորերը հայտնվեն այդ դաշտում: Բայց պրոցեսները դանդաղում են, իսկ մեր կյանքը գնում է: Ասում են՝ ուժեղ ընդդիմություն լինում է ուժեղ երկրում, երբ հասարակությունն էլ է ուժեղ ու ստեղծագործ՝ իր ներսում բազում ռեսուրսներ անթեղած: Ինչպե՞ս պատահեց, որ մեր երկիրն այսքան թուլացավ, հասարակության միակ նպատակը դարձավ օրվա հաց վաստակելը, երիտասարդների միակ երազանքը՝ արտագաղթելը: Պատասխանատուն այս վիճակի միայն ու  միայն իշխանությունն է: Իշխանությունը, որը նախ ոչնչացրեց իր «կոնկուրենտներին»՝ ընդդիմադիր դաշտն զբաղեցնողներին: Ապա վերացրեց ցանկացած գաղափար, երազանք, նպատակ ու իղձ: Ազգը դարձրեց սերիալ նայող, միայն նյութական արժեքներով սնվող հանրույթ: Գողության, ավազակության, պաշտոնի չարաշահման, զեղծարարության օրինակներով լցրեց մեր առօրյան: Քաղաքացիներին վերաբերվեց որպես հոտ, որին պետք է պարբերաբար կաշառել: Ամլացրեց ու արժեզրկեց ամեն ինչ: Կամայականության ու անտեղյակության մթնոլորտ ձեւավորեց երկրում, երբ հասարակությունը զրկված է տարրական տեղեկացվածությունից, եւ երկրի համար վճռորոշ ցանկացած որոշում կայացվում է փակ դռների ետեւում: