Բաց նամակ նախագահին

Բաց նամակ նախագահին

Հերթական բաց նամակն ենք ստացել: Չկա օր, որ նման նամակներ չստանանք: Գրեթե բոլորն ուղղված են երկրի նախագահին: Ահա՝ այս մեկը Հայաստանը տարիներ առաջ լքած քաղաքացուց է, ով որոշել է պատմել իր «գաղթական» դառնալու ոդիսականը: Այս մյուսը Կոշում նստած 103 դատապարտյալներ են գրել: Անվարժ, խրթին տեքստով փորձել են գրական, գրքային ձեւակերպումներ տալ իրենց պարզ պահանջին՝ պարոն նախագահ, ինչո՞ւ մեզ վաղաժամկետ չեն ազատում՝ չէ՞ որ օրենքը դա թույլատրում է:  Մեկ այլ նամակ գրել են պահնորդները, որոնց առջեւ ինչ-որ խոչընդոտներ են առաջացել: Հաջորդը շարքային քաղաքացի է գրել՝ իր անձնական խնդիրն է շարադրել, հույս ունի, որ ՀՀ նախագահը կկարդա ու կօգնի իրեն: Այս մյուս նամակը տրանսպորտի խնդիրների մասին է. մարդը որոշել է լուծման իր բանաձեւն առաջարկել: Կարծում է, որ էլեկտրականությամբ աշխատող տրանսպորտին վերադարձն է միակ լուծումը: Նորից հույսը Սերժ Սարգսյանն է. «Դե, եթե ինքն ուզենա, 5 րոպեում հարցը կլուծի»: Օրվա մամուլն եմ նայում. նորից բաց նամակ նախագահին: Սպանվածի այրին դիմել է Սերժ Սարգսյանին՝ հուսալով, որ նրա հրահանգով սպանությունը կբացահայտվի, եւ իր երեխաներին որբ թողած ոճրագործը կպատժվի: Նորմա՞լ է, որ երկրի նախագահից հասարակությունն այսքան սպասելիքներ ունի: Կարծում եմ՝ ոչ: Մանավանդ՝ համոզված եմ, որ դրանց 99 տոկոսը հուսախաբ է լինելու: Հիասթափվելու է իր երկրից ու իր իշխանությունից: Հետո ո՞ւմ են բաց նամակներ հղելու, ո՞ւմ հետ են հույսեր կապելու: Իսկ գիտակցո՞ւմ է այս բաց նամակների հասցեատերը, թե ինչ պատասխանատվություն է իր ուսերին դրված, ինչքան մարդիկ են հույսով սպասում իր խոսքին, իր որոշմանը, իր աջակցությանը: Չի կարող երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնել նա, ով չի գիտակցում այդ պատասխանատվությունը: