Նկարիչների միությունում լուրջ խմորումներ են գնում

Նկարիչների միությունում լուրջ խմորումներ են գնում

Վերջին ամիսներին Հայաստանի ստեղծագործական միություններում եռուզեռ է` միմյանց հաջորդող համագումարներ են հրավիրվում։ Իսկ հերթական միության՝ նկարիչների համագումարն էլ դեկտեմբերի 16-ին է, որն էլ, իր հերթին, աշխուժացրել է Հայաստանի շուրջ 1100 նկարիչներին ու քանդակագործներին։ Միության նախագահի հավանական թեկնածուները, որոնց անուններն այսօր շրջանառվում են, 5-ն են. Կարեն Աղամյան՝ արդեն 15 տարի գործող նախագահը, Արմեն Աթանյան, Հաղթանակ Շահումյան, Ռուբեն Այվազյան և Նիկոլ Աղաբաբյան։



 



«Ցավոք սրտի, ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, չեմ ասում, թե այս վերջին 15 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի արվել, բայց, եթե հաշվենք, թե ինչ կարող էր լինել և ինչ է եղել, 15 տարվա համար շատ քիչ բան է, շատ քիչ։ Նկարիչների միության բարոյահոգևոր ոգին վերացած է, էն մթնոլորտը, որ ժամանակին կար, որով որ նկարիչներն ապրում էին, շնչում էին, էսօր գոյություն չունի։ Նկարիչներն իրար տեսնում են արվեստանոցներում՝ խումբ-խումբ, ցուցահանդեսների բացման օրը, մեկ էլ Նկարիչների միությունից տեղի ունեցող թաղումների ժամանակ»,- ասաց Արմեն Աթանյանը, ով, ինչպես նշեց, իր ծրագիրն ունի և որպես նախագահի թեկնածու առաջադրվելու է նկարիչների համագումարում։



 



Ըստ Աթանյանի, թյուրըմբռնում կա, թե Նկարիչների միությունը տարին 100 ցուցահանդես է բացում, դրանք անհատներն են նախաձեռնում, իսկ միությունը մի 10 ցուցահանդես է բացում, այն էլ պետական նշանակության օրերին՝ կանանց տոն, դեկտեմբերի 7, ապրիլի 24 և այլն. «Նկարիչների միությունը միայն դահլիճ է տրամադրում, ուրիշ ոչինչ, ոչ բուկլետ է տպագրում նկարչի համար, ոչ տեղեկատվություն է ապահովում։ Իսկ այսօր նկարիչն օրավարձ է տալիս դահլիճի համար, արվեստագետների մի մեծ բանակ դուրս է մնացել, որովհետև չունեն այդ մի 10 օրվա համար, ասենք, 100 հազար դրամ վարձ տալու գումարը։ Գնում, Լևոն Իգիթյանի մոտ են ցուցահանդես բացում, որովհետև անվճար է։ Կոմպոզիտորների միություն տարեկան 37 մլն դրամ գումար է մտնում պետական ստրուկտուրաներից, որ 100 հոգի են, իսկ մենք 1100 հոգի ենք, պատկերացրեք, թե մեր միություն ինչքան գումար է մտնում»։



 



Աթանյանի ծրագրի հիմնական դրույթներից է ստեղծագործական միությունների հետ կապված հարցերը լուծելը, եթե չի ստացվում, ապա ՀԿ-ների մասին գործող օրենքում մտցնել փոփոխություն, որը կվերաբերի միայն ստեղծագործական միություններին. «Դրանով մենք կապահովենք աշխատանքային ստաժ, որ մենք չունենք, որովհետև Խորհրդային Միության փլուզումից հետո ոչ մի ազատ ստեղծագործող աշխատանքային ստաժ չունի, օդի մեջ կախված ենք։ Իսկ երկրորդը տեղեկատվական բանկի ստեղծումն է, որը մենք չունենք, մի հատ կայք ունեինք, որի մեջ ընտրովի 50-60 մարդու մասին է եղել, հիմա էդ կայքն էլ չկա»։



 



Աթանյանը նկատեց նաև, որ տպավորություն չստեղծվի, թե իրենց միությունում ամեն ինչ հաշտ ու խաղաղ է, տարբեր խմորումներ ու խմբավորումներ չկան. «Գեղարվեստի ակադեմիայի նկարիչների մի մասն իրար հետ են, էն մի մասը, ինչ-որ անհասկանալի է, չգիտես ում հետ են, գործող ղեկավարությունն ինքն իրա բաներն է հավաքում, նոր ընդունված երիտասարդների մի ստվար բանակ չգիտի, թե ինչ է կատարվում, ասում են՝ էսինչը լավ նախագահ է, մեզ ընդունեց միություն, էկեք էս նախագահին ընտրենք։ Ոչ մի բանական բան չկա, լրիվ լուրջ խմորումներ են, ասենք՝ ինձ դարձրեք նախագահ, ես ձեզ կսարքեմ վարչության անդամ։ Եթե մարդ մտնում է ընդեղ՝ պիտի լուրջ գործ անի, ես նպատակ ունեմ լուրջ գործ անելու»։



 



Աթանյանը նաև հիշեց, որ Նկարիչների միության նախորդ համագումարին ինքն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու և հետո ինքնաբացարկ հայտնել՝ հօգուտ մյուս թեկնածու Հաղթանակ Շահումյանի, բայց Կարեն Աղամյանն է ընտրվել՝ հավաքելով 240 ձայն, իսկ Շահումյանը մոտավորապես այդ ձայների կեսն է հավաքել, սակայն 300-ից ավելի քվեաթերթիկ անվավեր է համարվել, որոնցից մեկն էլ իր քվեարկած թերթիկն է եղել։



 



Իսկ Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի կողմնակիցներ Արմեն Մարտիրոսյանը և Արա Հակոբյանը գտնում են, որ միությունում ընդհանրապես նորմալ է ամեն ինչ, այնքան էլ վատ չէ։ Նաև նորմալ է, որ նույն մարդը 15 և ավելի տարիներ լինի միության նախագահ, որ դա չի ճահճացնում իրենց միջավայրը, և իրենք պատրաստ են կրկին նախագահ ընտրել Կարեն Աղամյանին։






Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ