Տարոն Մարգարյանի իրավունքը՝ պաշտպանել գիտական թեզ

Տարոն Մարգարյանի իրավունքը՝ պաշտպանել գիտական թեզ

Դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում կայանալիք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը կարող է վերածվել ամանորյա զվարճալի ծրագրի: Այս մասն են վկայում ատենախոսության  և դրա հեղինակի շուրջ պտտվող խոսակցությունները:



 



Հայտնի է դարձել, որ առանձին գիտնականներ այդ օրը պատրաստվում են հրաժարվել իրենց գիտական կոչումներից, համարելով, որ Տարոն Մարգարյանի պաշտպանությունը հայ տնտեսագիտական մտքի վերջն է:



 



Մասնավորապես Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը այս առիթով թերթերից մեկի հետ զրույցում ասել էր, որ  պատրաստվում է վերադարձնել գիտությունների թեկնածուի իր վկայականը. «Ես չեմ ցանկանում տեղ գտնել այն շկալայում, որը սկսվում է Տարոն Մարգարյանով, ավարտվում՝ Ռադիկ Մարտիրոսյանով»,- ասել էր Կարապետյանը և հավելել, որ իր օրինակին հետևելու կոչ է անելու բոլոր այն մարդկանց, ովքեր ազնվորեն են ստացել գիտական աստիճան և լուրջ ներդրումներ ունեն գիտության ասպարեզում: