Փնտրվում է... նորություն

Փնտրվում է... նորություն

Կար ժամանակ, երբ արվեստում փնտրվում էին այնպիսի գործեր, որոնք ունեն արժեք, գեղարվեստական որակ: Դա էր մրցույթների, փառատոնների հիմնական նպատակը: Նկարչական ցուցահանդեսներ կազմակերպվում էին` ցուցադրելու համար բարձրարժեք կտավները: Կինոփառատոններ կազմակերպվում էին` ներկայացնելու, գնահատելու արժեքավոր ֆիլմերը: Խմբագրությունների նպատակն էր առաջին հերթին հրապարակել որակյալ ստեղծագործությունները:



 



Իսկ հիմա՞… Համաշխարհային մակարդակով սկսվել է մի յուրօրինակ համաճարակ. փնտրվում են ոչ թե բարձրարժեք գործեր, այլ… նորություններ: Օրինակ` անցկացվում են թատերական փառատոններ ոչ թե գնահատելու համար ներկայացման որակը, այլ… բեմադրական նորարարությունը: Կինոգետը գնահատում է ոչ թե ֆիլմը, այլ… նորությունը: Մեր գրեթե բոլոր խմբագրություններն ստեղծագործության մեջ ոչ թե արժեք են «փնտրում», այլ՝ նորություն: Ոչինչ, որ մեծ մասամբ այդ նորությունն ու որակը լինում են իրարամերժ… Այսպես` նորություն է պահանջվում երգահաններից, երաժիշտներից, քանդակագործներից… Երգչից ակնկալվում է նորովի կատարում: Դերասանից` նորովի մեկնաբանում… Հարկավոր է կարծես մեկ բան միայն` նորություն… նորություն… նորություն…



 



Եվ ի՞նչ. դա վա՞տ է: Բնավ: Ո՞վ չգիտի, որ նորությունն է արվեստի շարժիչ ուժը: Այսպես թե այնպես, ամեն արվեստագետ է ջանում լինել նորարար: Բոլորն են այդ փնտրտուքի մեջ: Բոլորն են ամեն կերպ փորձում գտնել իրենցը, բայց… Իսկական նորն այնպիսի մշակաբույս չէ, որ տարին մի քանի անգամ ջերմոցներում բուսնի, մենք էլ, իրար հերթ չտալով, հանենք շուկա: Նորարարության սերմն ավելի շուտ ժամանակի մեջ է, քան արվեստագետի: Ամեն տարի, առավել եւս` տարին մի քանի անգամ չեն կարող նորարարություններ լինել ոչ գրականության մեջ, ոչ թատրոնում, ոչ մեկ այլ ասպարեզում: Բանը անհեթեթության մի հասցրեք. չի կարելի նորություն ակնկալել գեղարվեստական ամեն գործից. ամեն վեպից, պատմվածքից, պոեմից: Չի կարող ամեն տարի ծնվել նոր Չարենց: Իսկ երբ ծնվի, նրա բարձրարժեք ստեղծագործության մեջ անմիջապես կերեւա նաեւ նորը: Ուստի նախեւառաջ հարկավոր է փնտրել ոչ թե նորություն, այլ՝ արժեք: Գեղարվեստական արժեք: Այլապես նորի փնտրտուքի մեջ, նորացավությամբ տառապելով` ամեն տարի մի նորություն, մի նորարարի հայտնաբերում ենք, արժանացնում մրցանակի, իսկ հետո` որոշ ժամանակ անց, խոստովանում, որ անարժեք է այդ նորությունը: Որ դա եղել է նորարարություն հանուն նորարարության. անցողիկ երեւույթ, արվեստի ծամածռություն: Էլ չասեմ այն մասին, որ ավելի հաճախ արվեստում հին «քանդրբազությունը» ներկայացվում է որպես ժամանակակից կրկեսի բարձրագույն դրսեւորում…  



 



Տուրք չտանք նորամոլությանը: Նախեւառաջ` գեղարվեստական արժեք. ահա թե ինչն է գնահատելին: Ահա թե ինչ պետք է փնտրել: 



 



Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ