Հպարտություն ապրեցի

Հպարտություն ապրեցի

Քիչ առաջ շատ պատահաբար միացրեցի Երկիր Մեդիա... Միացրեցի՝ անմիջապես մեկ այլ ալիք «դառնալու» պայմանով: Սակայն չկարողացա կտրվել: Երգում էր Անահիտ Սահակյանը... Սայաթ-Նովա, աշուղական երգերի շարք, ժողովրդական երգերի շարք... Հնչեց իմ շատ սիրած «Պառավ յարս», որը մի քանի անգամ մեր տանը կատարել է հեղինակը՝ Գուսան Իգիթը՝ շեշտելով, որ «երգի դիցուհին» իր կինն է՝ Թամարը...



 



Անահիտ Սահակյանի ձայնի հաճելի տեմբրը, ոչ մեծ, բայց անուշ թրթիռներ պարունակող ձայնածավալը, կատարումների մաքրությունը և նվիրվածությունը մեղեդուն՝ հաճելի պահեր պարգևեցին: Հատկապես ուրախացրեց, որ նա պահպանում է մեր մի շարք նշանավորների ձևավորած ավանդույթները, Սայաթ-Նովա երգում Արաքսի Գյուլզադյանի դպրոցի առանձհատկություններով, մելիզների ուշագրավ շեշտումներով...



 



Հպարտություն ապրեցի, որ տակավին չենք հեռանում այն ամենից, ինչը ստեղծվել է մի քանի դարի ընթացքում, ինչն ընկալվում է որպես ժողովրդի ստեղծագործություն: Կոմիտասն իր զեկուցումներից մեկում անդրադարձել է այն խնդրին, որ մեր ժողովրդական և հոգևոր երգը նույնական են, Անահիտ Սահակյանի կատարումներում հենց հոգևորի և ժողովրդականի զարմանալի ներհյուսումը կար...



 



Գրել Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում