ՍԴ-Ն պետք է չեղյալ համարի այդ թերի օրենքը

ՍԴ-Ն պետք է չեղյալ համարի այդ թերի օրենքը

Հարցազրույց ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի հետ



-Սուրեն, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ մեծ քարոզարշավ է սկսվել, որին միացել եք նաեւ Դուք։ Այդ օրենքին մեր երկրում դեմ են բոլորը, դրա վառ ապացույցն է հունվարի 18-ի բազմամարդ հանրահավաքը։ Ի՞նչ եք կարծում, դա ինչ-որ ազդեցություն կունենա՞, եւ հունվարի 25-ին Սահմանադրական դատարանը կկասեցնի՞, թե՞ կհաստատի օրենքը։






- Հուսով եմ, որ ինչ-որ ազդեցություն կունենա, եւ նրանք ի վերջո չեղյալ կհամարեն այդ հիմար օրենքը, բայց բոլորս էլ ապրում ենք այս երկրում եւ գիտենք, որ ցանկացած հարց որոշվում է իրենց կողմից։ Բայց, ինչ խոսք, սա պետք էր, եւ այս անգամ էլ մարդկանց քանակը շատ էր։ Հույս ունենանք, որ ապագայում ինչ-որ բաներ ընդունելուց հաշվի կնստեն մարդկանց հետ եւ այսպիսի անհեթեթ բաներ չեն անի։ Չեմ ուզում ասեմ, որ ընդհանրապես հույս չունեմ, որ օրենքը կկասեցնեն, բայց որ ասեմ՝ 100 տոկոսով այդ քայլը, նախաձեռնությունն ազդեցություն կունենա, այդպես չէ։



 



- Ի՞նչ եք կարծում, եթե այդ նախաձեռնությանն ավելի շատ մարդիկ ու հայտնի դեմքեր միանային, եւ քարոզչությունն էլ՝ նաեւ հոլովակների տեսքով, ավելի շատ լիներ, արդյունքն ավելի՞ շոշափելի կլիներ։






- Այդ հայտնի դեմքերը, այդ ամենը նրա համար էր, որ հասարակ մարդիկ, տանը նստած, այդ ամեն ինչը տեսնելով հավատան, որ ինչ-որ տեղ կարելի է մի բան փոխել, բայց մարդկանց մեջ հույսն է կորել, մարդիկ չեն հավատում, որ կարելի է միտինգներով, բողոքներով ինչ-որ բան փոխել մեր երկրում։ Ու գուցե այդ առումով այդ հոլովակները, նախաձեռնություններն օգնեն, թե չէ ինձ համար ավելի կարեւոր է, որ 10 ոչ հայտնի մարդ դուրս գա բողոքի, քան 5 հոգի հայտնի մարդ բողոքի, ու ոչ մի ազդեցություն էլ չունենա։



 



- Երբ սոցիալապես այս ծանր վիճակում գտնվող ժողովրդին պարտադրվում է մի բան, այն էլ երկարաժամկետ, ինչի՞ մասին է խոսում։ Գուցե սա այն լռության արդյունքն էր, որ եթե գազի գնի թանկացման դեպքում նույնքան մարդ դուրս գար բողոքեր, կուտակային համակարգն այլեւս մեզ չէին պարտադրի։






- Ինձ թվում է՝ դրանք տարբեր բաներ են, որովհետեւ մի բան է գնի թանկացումը, որն ավելի շատ տնտեսության հետ կապված խնդիր է, ինչն իհարկե դրան չպետք է հասներ, եւ պետք էր պայքարել, բայց սա այլ բան է։ Ինքն իրենով այդ օրենքը պետք է, բայց ոչ այս ձեւով եւ այս արագության մեջ։ Որտե՞ղ եք տեսել, որ դեկտեմբերին ինչ-որ բան մտածեն, հետո միանգամից արագ անցկացնեն, որ Նոր տարվա օրերին ոչ ոք ոչինչ չհասկանա, ու հունվարի 1-ից ընթացք տան։ Ամբողջ աշխարհում նման բան չկա։ Ես կարդացել եմ տարբեր պաշտոնյաների հարցազրույցներ, որ իբր 10 տարի է՝ մենք խոսում ենք դրա մասին, բայց որտե՞ղ եք խոսում…. պետք է ժողովրդի հետ խոսել, եթե այս 10 տարվա մեջ ժողովրդի մոտ չի ձեւավորվել վստահություն ձեր կառավարության, պետության նկատմամբ, ձեր խոսելն  անիմաստ է։ Այդ օրենքներն ամեն տեղ կան, բայց ոչ այսպես թերի, 45 տարի՝ մինչեւ 65 տարեկանը վճարել.  այդպիսի բան ոչ մի տեղ չկա, դրան գումարած՝ հաշվի առնենք այսօր մարդկանց սոցիալական վիճակը, թանկացումները, որոնք միաձուլվում են ու դառնում մի մեծ խնդիր։



 



- Ի վերջո, ելք կա՞ այս իրավիճակից, երբ ցանկացած բողոքի ալիք բախվում է իշխանությունների կառուցած պատին։






- Լավագույն տարբերակը, որ Սահմանադրական դատարանը չեղյալ համարի այս թերի օրենքը, եւ այդ օրենքի վրա նորմալ ձեւով աշխատեն մասնագետներ, որոշ բաներ փոխվեն, ու անգամ ընդունման դեպքում էլ իր մեջ ունենա որոշակի դոտացիաներ առանձին խավերի համար։ Այսինքն՝ գոնե նվազագույն աշխատավարձ ստացողների համար վճարի պետությունը։ Դա շատ երկրներում նորմալ, ընդունված ձեւ է։ Օրենքը պետք է փոխվի եւ մշակվի միայն ժողովրդի շահերից ելնելով, ինչն այսօր բացարձակապես ժողովրդի շահերից չի բխում։ Այս օրենքի դեպքում կա եւս մի մեծ խնդիր. դա այն է, որ այդ ահռելի գումարները գնալու են դուրս, ինչն իրենք են տնօրինելու։ Իսկ այդ մեծ գումարներով կարելի է նաեւ այստեղ աշխատատեղեր ստեղծել, որն օգուտ կլիներ աշխատանք չունեցող մարդկանց, եւ, ի վերջո, այդ գումարներն էլ կմնային երկրում։ Եթե այդ գումարները դուրս եկան Հայաստանից, ես համոզված եմ, որ էլ հետ չեն գա, մանավանդ 20-30 տարի հետո։ 



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ