ՀՀԿ երիտթևն ու երիտծերերը

ՀՀԿ երիտթևն ու երիտծերերը

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀԿ ԳՄ վերջին նիստից: Պարզվում է` երբ Ռ. Քոչարյան-Տ.Սարգսյան բանավեճի թեմայով քննարկման ժամանակ խոսվել է այն մասին, թե ով ինչպես իրեն պահեց, ոչ միայն ՀՀԿ երիտթեւն է ընդվզել Հովիկ Աբրահամյանի դեմ, թե՝ մենք սխալ չենք պահել մեզ, այլեւ «երիտասարդ ծերերը»:



 



Երբ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ որպես քաղաքական գծով ՀՀԿ առաջին տեղակալի պետք է բոլորն իր հետ համաձայնեցնեին իրենց ասելիքը, «երիտծերերից» մեկը հակադարձել է` ինչո՞ւ, ո՞վ ասաց: Երիտասարդները հարց են բարձրացրել, թե հսկա ՀՀԿ-ում, որպես օրինաչափություն, մի քանի հոգի են թե ԱԺ-ում, թե մյուս քաղդիսկուրսներում կարծիք հայտնում-մասնակցում բանավեճերին, մյուսներն անելիք չունեն կարծես: Հովիկ Աբրահամյանին վիրավորել է ԱԺ-ի հիշատակումը, նա պահանջել է օրինակներ բերել:



 



Բերվել են  ԱԺ-ում գազի, ջրային խնդիրներին վերաբերող քննարկումները եւ նախորդ օրն իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դավիթ Հարությունյանի պահվածքին առնչվող օրինակը, երբ մի քանի նախադասության համար արդարադատության նախարարը «լինչի» էր ենթարկվել Դ. Հարությունյանի կողմից, եւ բոլոր լրատվամիջոցները «բարեխղճորեն» անդրադարձել էին դրան, սակայն «նույն ինտելեկտուալ ՀՀԿ-ականը որեւէ խոսք-բառ չի ասել Քոչարյանի հարցազրույցների մասով»,- հակադարձել են ՀՀԿ-ի համար «բոյ տվողները»:  Ասում են՝ այս զրույցին հետեւող Սերժ Սարգսյանն ակնհայտորեն բավականություն է ստացել փոխադարձ դատափետումից: