Արիստակեսյանի բեմադրած ասուլիսը

Արիստակեսյանի բեմադրած ասուլիսը

Սարդարապատի հերոսամարտի թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը մշակութային սույն հաստատության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց 6 տարի հետո միայն գլխի ընկավ, որ կարելի է հանդիպել լրագրողներին:



 



Նա, թերեւս, երբեք հաշվի չնստեր հասարակության հետ, եթե անցած տարեվերջի սկանդալային պատմությունը չհարվածեր նրա պատվին ու արժանապատվությանը: Շուրջ 2 ամիս չարչրկվող խոսակցություններին վերջ դնելու նպատակով թանգարանի տնօրենը նախորդ տարիներին կատարած աշխատանքների հաշվետվության անվան տակ ասուլիս հրավիրեց: Պարզից էլ պարզ էր, որ պաշտոնյան լրագրողներին ցանկացել էր հանդիպել ոչ այնքան իր կատարած աշխատանքները ներկայացնելու, որքան տհաճ խոսակցություններին մեկընդմիշտ վերջ դնելու նպատակով:



Լրագրողների հետ Արիստակեսյանի հանդիպումն ըստ էության մեկ դերասանի թատրոն էր, որտեղ մամուլի ներկայացուցիչներին պարտադրված էր հանդիսատեսի դերը: Մինչ թանգարանի տնօրենը կանցներ բուն ասելիքին, սեփական գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով, լրագրողների հետ «պտույտ մը գործեց թանգարանի թաղերուն մեջ»: Ցուցասրահից ցուցասրահ եւ ֆոնդից ֆոնդ հապճեպ անցումները հուշում էին, որ տնօրենն այնքան էլ խանդավառված չէ լրագրողներին «լուսավորելու» մտքից: Նրա ամբողջ ուշադրությունը տեսախցիկներն էին, որոնք ֆիքսելու էին այն իդեալական վիճակը, որն ստեղծել էր ինքը՝ Արիստակեսյանը, վեցամյա գործունեության ընթացքում: Այդպես էլ ասաց. «Վերջին 35 տարում պահոցներն առաջին անգամ են նորոգվել...»:



 



 



Անշտապ ու իրեն հատուկ շեշտադրությամբ խոսելով կատարած ու կատարելիք աշխատանքների մասին, Արիստակեսյանը դրանք ներկայացրեց նախորդ տարիներին կատարվածի հետ համեմատության ֆոնին. այն տարիների, երբ թանգարանը նախորդ ղեկավարի տնօրինության ներքո էր: Իսկ ամենից զավեշտալին այն էր, որ, իբրեւ ասվածի հավաստիք, վկայակոչում էր թանգարանի աշխատակիցներին, որոնց ներկայությունն ասուլիսին հոգացել էր անձամբ:



Չմոռանալով, թե ըստ էության ինչ նպատակով է լրագրողներին հրավիրել թանգարան, Կարեն Արիստակեսյանը, հաշվետվությունն ավարտելուց հետո, պատրաստակամություն հայտնեց պատասխանել հարցերին: Իսկ երբ հնչեց սկանդալային ծեծկռտուքի մասին հարցը, իրեն հատուկ հեգնանքով հորդորեց ուշադիր լսել, քանի որ անցանկալի թեմային անդրադառնում է վերջին անգամ: Ասաց, որ թանգարանում միջադեպ, որպես այդպիսին, չի եղել: Չի եղել նաեւ վեճ ու ծեծ. «Ոչ իմ աշխատասենյակում, ոչ էլ ցուցասրահում վեճ չի եղել: Եղել է բանակռիվ, լեզվակռիվ: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել եւ ապացույցների անբավարար լինելու, հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործը կարճել է»: Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերին հաստիքների կրճատման մասին տարեվերջյան ժողովն ավարտվել էր ծեծկռտուքով, ինչի արդյունքում թանգարանի 2 աշխատակցուհիներ՝ Անիկ Միքայելյանն ու Սիրանուշ Զադոյանը, հայտնվել էին Արմավիրի բժշկական կենտրոնում: Կանանցից մեկն ասել էր, որ իրեն ծեծել են թանգարանի տնօրենն ու նրա քարտուղարուհի Վարդիթերը: Իսկ հիվանդանոց տեղափոխված մյուս կնոջ ինքնազգացողությունը վատացել էր ծեծվող գործընկերուհուն տեսնելով:



 



 



Թե ինչպես էր Անիկ Միքայելյանը կրծքավանդակի փափուկ հյուսվածքի սալջարդ ստացել, որը միջադեպից անմիջապես հետո ախտորոշել էին բժիշկները, մնաց անհայտ: Չնայած թանգարանի վախեցած աշխատակիցները ֆանտաստիկայի ժանրից տարբեր սցենարներով հեքիաթներ են պատմում, թե իբր իրենց գործընկերուհին վնասվածքներ է ստացել ավտոբուսի մեջ այսուայն կողմ դիպչելով կամ մաքրություն անելիս, իրենից անկախ՝ կոշտ իրերի հետ շփվելով, այնուամենայնիվ, ներքուստ իրենց մեղավոր են զգում շեֆի հանցավոր արարքն իրենց լռությամբ կոծկելու համար:



Ճիշտ է՝ միջադեպի մասին բարձրաձայնած երկու կանայք դեռեւս շարունակում են աշխատել թանգարանում, բայց նրանց գործընկերներից ոմանց համոզմամբ՝ դա ժամանակավոր է: «Մի որոշ ժամանակ հետո, երբ խոսակցությունները կմարեն, կրքերը կհանդարտվեն, ղեկավարությունը մի պատճառ կգտնի նրանցից ազատվելու համար: Թվում է՝ ամեն ինչ հարթվել ու խաղաղվել է, բայց այդպես չէ. բոլորը լարված են, վախեցած, այնքան վախեցած, որ Անիկի ու Սիրանուշի հետ թաքուն են շփվում: Չնայած նրանք էլ են հասկանում, որ մեր հետ շփվելով՝ հարվածի տակ են դնում նաեւ մեզ, բայց ի՞նչ անեն, կամ մե՞նք ինչ անենք: Չէ՞ որ տարիներ շարունակ իրար հետ աշխատել ենք, միասին հաց կիսել»,- դժգոհեց աշխատակիցներից մեկը՝ խնդրելով իր անձն ու սեռը չբացահայտել:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ