ԲՀԿ-ն արձագանքել է ՀՀԿ-ի ինքնագովազդին

ԲՀԿ-ն արձագանքել է ՀՀԿ-ի ինքնագովազդին

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով օրեր առաջ Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված հայտարարությանը և ՀՀԿ-ի հետագա դերակատարությանը, մասնավորապես ասել է. «Պետության առաջնորդը հստակ ամրագրեց, որ այսօր և ապագա տասնամյակի համար որոշիչ է լինելու հենց Հանրապետականի ձայնը, ոչ թե որևէ մեկ մարդու, նախկին կամ ապագա ղեկավարի, այլ ՀՀԿ-ի ձայնը, որվհետև ՀՀԿ-ն իր չափերով, իր կազմակերպվածությամբ ու իր քաղաքական ռեսուրսով առաջատարն է և ապագա տասնամյակում շարունակելու է մնալ առաջատարը մեր քաղաքական դաշտում: Իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ եթե ապագա տասնամյակում որևէ պետական քաղաքական գործիչ հավակնում է իրեն տեսնել պետական բարձրագույն պաշտոնների, ապա դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը ՀՀԿ-ն է։ Ավելի պարզ ասեմ, եթե որևէ մեկը ուզում է, կամ հավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով»:



 



Շարմազանովի այս հայտարարությունը դուր չի եկել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանին, ով շտապել է արձագանքել. «Չեմ կարող չարձագանքել Հանրապետական կուսակցության խոսնակի այսօրվա հայտարարությանը: Այն, որ բոլոր ճանապարհները մոտ ու հեռավոր ապագայում իր խոսքերով անցնում են մեկ հասցեով, այն, որ առաջիկա տասնամյակում միմիայն Հանրապետականը կարող է հավակնել որոշումների կայացման դաշտ մտնելուն, այն, որ միայն Հանրապետականի միջոցով կարելի է երկրում հասնել բարձրագույն իշխանությանը, ընդունվում է ոչ միայն զարմանքով, այլև համարվում է վիրավորանք թե´ մեր, թե´ մեր ոչ իշխանական գործընկերների, և թե´ Հանրապետական կուսակցությանը չընտրած հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիների համար:



 



Կարծում եմ Հանրապետականը պիտի պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին ակնարկների վերաբերյալ, և արդյոք Հանրապետականը որպես անայլընտրանքային միակ միջոց ներկայացնելը կուսակցության պաշտոնական տեսակե՞տն է, թե՞ ոչ:



 



Մի՞թե սրանով ակնարկվում է, որ մոտակա տասը տարին որևէ այլ ուժ իրավունք չունի հավակնելու պատասխանատվություն ստանձնելու»: