Հայաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման հարցերը

Հայաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման հարցերը

Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները, որոնք մեկնարկել են առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ:





Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում և քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները:





Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում արդեն իններորդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երեք տասնյակ հանդիպում, ինչը հնարավորություն է ստեղծել առաջ մղելու երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ քաղաքական երկխոսությունը։




Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խթանման, տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Նախարարներն անդրադրձել են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին:




Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա են դարձել միջազգային օրակարգի հարցեր:




Նախարար Զարիֆը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Այս առումով նախարար Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի ձեռք բերել խնդրի համապարփակ կարգավորում, ինչը կարևոր ձեռքբերում կհանդիսանա Իրանի, տարածաշրջանի և ողջ միջազգային հանրության համար:




Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։

Զրուցակիցները անդրադարձել են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։




Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորշման կարևորոությունը:



 



Բանակցությունների ավարտին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։




Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի` նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական ճաշ է տվել արտաքին գործերի նախարարությունում: