Հայաստանում դանդաղ, սողացող իշխանափոխության ժամանակներ են

Հայաստանում դանդաղ, սողացող իշխանափոխության ժամանակներ են

Ահա եւ ձեւավորվեց ՀՀ կառավարությունը: Ավարտին հասցվեց մի գործընթաց, որն ապրիլի 3-ից այսկողմ, թերեւս, ամենաինտրիգայինն էր մնացած բոլոր իրադարձություններից: Գուշակություններ, առանձին գործիչների հասցեին զազրախոսություններ, գովասանք, քննադատություն, ղեկավարների հետ աներձագային հարաբերությունների վերհանում… Ինչ ասես, որ չտեսանք ու չլսեցինք մեկ ամիս շարունակ: Ամենաինտրիգայինն էլ, թերեւս, Գագիկ Ծառուկյանի մտերիմի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվելն էր, որին հետեւեցին լեզու ունեցող առանձին ԲՀԿ-ականների ցուցադրական ջղակծկումները, թե մենք այդպիսի մարդ չենք ճանաչում եւ, առհասարակ, մեր փեշերից հեռու, այսօրվա կառավարությանը մաս կազմելը:



 



Նա, ով ցանկանում էր լիակատար հաճույք ստանալ այս կոմիկական իրադարձություններից (նոր կառավարության կազմավորում կոչվող), կարող էր նստել համակարգչի մոտ եւ հետեւել Սերժ Սարգսյանի հրամանագրերի ընթացքին: Դա հիշեցնում էր Պանիկովսկու կողմից փողերն իր եւ Բենդերի միջեւ բաժանելու պահը. սա՝ ինձ, սա՝ Օստապ Իբրահիմովիչին, սա՝ ինձ, սա՝ ինձ, ոչ, սա՝ Օստապ Իբրահիմովիչին, սա՝ ինձ… Դրան զուգահեռ, թերթերն արձագանքում էին. սա Ռոբերտի կադրն է, սա՝ Սերժի, սա Սերժի կադրն է, նա՝ Ռոբերտի… Ռոբերտ Քոչարյանի կադր համարվող Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալու հանգամանքն էլ ավելի էր սրել ուշադրությունը, որպեսզի հանկարծ սխալ տեղի չունենա «ով ում կադրն է» հաշվարկում:



 



Եթե ընդունենք, որ մամուլը մոտավորապես ճիշտ պատկեր է տվել, իսկ Երվանդ Զախարյանի կադրային պատկանելության հարցում նույնիսկ ապուշը չի սխալվի, ապա կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ պարզ առեւտուր է գնացել տնտեսական ոլորտների եւ բյուջետային միջոցների բաժանման հարցում: Բայց, ի տարբերություն Օստապ Բենդերի, Ռոբերտ Քոչարյանն այս էտապում չի շտապում ամբողջը գրպանել եւ իր ղարաբաղցի գործընկերոջը ոգեկոչել դեպի հեռուներ, դեպի կապույտ եզրաշերտով ափսեն: Բավարարվա՞ծ է, արդյոք, Ռոբերտ Քոչարյանը ձեռք բերածով: Եթե առաջնորդվենք նրա՝ ոչ վաղ անցյալի հայտնի խոսքով՝ ղարաբաղցին ղարաբաղցուն չի նեղացնի, ապա պիտի ասենք, որ Քոչարյանն այսքանով առայժմ բավարարված է եւ իր պլանները կկառուցի 2018 թվականի վրա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա հեռացող նախագահ է, եւ այս պահին իր ունեցածը, կարելի է ասել, մի բան էլ շատ է: Նրան հիմա պետք է անվրդով գլորել առաջիկա 4 տարին եւ, գոնե Արցախի հարցում առանց զիջումների, իրավունք նվաճել՝ իր տեղն ունենալու հայոց նոր անկախության պատմության դասագրքերում:



 



Շատերը կարծում են, որ Սերժ Սարգսյանը կփորձի վնասել Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքին, ճնշում բանեցնել այդ կառավարության վրա՝ օգտագործելով ԱԺ-ի ՀՀԿ-ական ներուժը: Մենք այս մտքի հետ համաձայն չենք: Նախ՝ վնասում է, որ ի՞նչ անի, չկարողանա՞ 4 տարին ձգել: Եվ ապա՝ այսօր արդեն մեծ հարց է, թե որքանով է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը սերժսարգսյանական: Հիմա, երբ արդեն ՀՀ կառավարությունում իր առյուծի բաժինն ունի Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ ՀՀԿ-ական խմբակցությունում կարող են լուրջ խլրտումներ առաջանալ: Չպետք է մոռանալ Քոչարյանի մի շատ ուշագրավ հայտարարություն եւս, այն մասին, որ ինքն է ժամանակին ՀՀԿ-ի ցուցակ կազմել, եւ այդ ցուցակում հայտնվածներից շատերն իրեն են պարտական քաղաքական կարիերայի հարցում: Այնպես որ, եթե պեղումներ կատարենք ՀՀԿ-ական այս կոնկրետ բիոմասսայի մեջ, եւ Պանիկովսկու օրինակով ՀՀԿ-ական պատգամավորներին բաժանենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, ապա կարող է այնպես ստացվել, որ Սերժ Սարգսյանի վրա մնան երկու գեներալ, մեկ դատարկ դհոլ, մեկ քամելեոն, մեկ ռուսալեզ ստահակ եւ երկու կին. մեկը՝ երգիչ, մյուսը՝ նախկին ժուռնալիստ:



 



ՀՀԿ-ի վիճակն այնքան լուրջ է, որ Շարմազանովը սարսափահար հայտարարում է, թե առաջիկա 10 տարիներին ՀՀԿ-ն է լինելու քաղաքական դաշտի առաջին ջութակը, եւ բարձր պաշտոններ զբաղեցնելու համար պետք է ՀՀԿ գրասենյակ այցելել: Ո՞ւմ է ուզում խաբել Շարմազանովը: ԲՀԿ-ին այսօր փայտով էլ չես կարող ստիպել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Բայց դա ոչ թե այն պատճառով, որ ԲՀԿ-ն իշխանության չի ձգտում, այլ այն, որ չի ցանկանում ավելորդ մրոտվել գնացողների հետ: Քոչարյանի միջոցով ԲՀԿ-ն արդեն բավական լծակներ ունի, որոշակիորեն միջնորդավորված, բայց՝ լծակներ: ԲՀԿ-ի խաղը, որ Սերժ Սարգսյանին թույլ տվեց երկրորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում, արդեն ավարտվել է: ԲՀԿ-ն այսօր կարող է հանգիստ կողմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին եւ դրանով ամենեւին չնկատվել որպես Սերժ Սարգսյանին սատարող ուժ:



 



Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, այս իրավիճակում մի հանճարեղ քայլ կատարեց՝ ՕԵԿ-ին գործուղեց ընդդիմություն: ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի (ֆրակցիայի սերժսարգսյանական մնացորդացի) համար անչափ դժվար կլինի Հովիկ Աբրահամյանի կառավարությանը քննադատել, մանավանդ, որ նրանցից ոմանք նույնիսկ ուշագնաց էին եղել, որ Հովիկն ԱԺ-ից գնացել է: Աբրահամյանի կառավարության թունդ քննադատի դերն էլ կփորձի ստանձնել ՕԵԿ-ը, որի ձեռքերն այդ անելու համար հիմա ազատ են:



 



Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում: Նկատի ունենք՝ Հայաստանի ներսում, որովհետեւ դրսում վաղուց արդեն ոչինչ տեղի չի ունենում: Օրերս մեկն այսպես էր բնութագրել իրավիճակը՝ Հայաստանում տեղի է ունենում սողացող իշխանափոխություն: Չհամաձայնել չենք կարող: Դա, այո, պարզորոշ երեւաց նոր կառավարության կազմից եւ շատ ավելի հստակ կընդգծվի սահմանադրական փոփոխությունների փաթեթի եւ նոր խմբագրումների քննարկման ժամանակ: Սերժ Սարգսյանը գուցե հույս ունի ՀՀ կառավարման կարգի փոփոխությամբ (անցում պառլամենտական կառավարման) Մելիք Ադամյան փողոցում մեծամասնություն ձեւավորել, բայց դա նրա կողմից կլինի հուսահատ քայլ, որովհետեւ բոլոր ժամանակներում ջրի երեսին մնացող քաղաքական վերնախավը, պաշտոնի հոտը 100 կիլոմետրից զգացող ցեցերը, խոշոր բիզնեսմենները, իշխանության շուրջ վերադասավորվել սիրող հայրենի ընդդիմությունը, սովորաբար, հակված են լինում ոչ թե գնացողի, այլ եկողի կողմը:



 



Շարմազանովն ինչքան ուզում է՝ ասի էստի համեցեք: 2017 թվականին ՀՀԿ-ն խայտառակ պարտություն է կրելու, եւ դա ոչ թե այն պատճառով, որ ես եմ այդպես ուզում, այլ որ դա օրինաչափ է: Իսկ 2018 թ. փետրվարից հետո կգա երիտասարդ ՀՀԿ-ականներին դալաններում ծեծելու ժամանակը: Եվ պատկերացրեք` դա նույնպես օրինաչափ է:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ