Լկտիության կարմիր գծերն ավելի վտանգավոր են

Լկտիության կարմիր գծերն ավելի վտանգավոր են

Երեւանի ՀՀԿաԲՀԿ-ական ավագանու որոշումը` Երեւանում կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը, ոչ թե պետք է քննարկել, այլ պետք է մտածել այդ որոշումը բեկանելու, իսկ այդ որոշմանը կողմ քվեարկած, այսպես կոչված, մտավորական ավագանուն ուղարկել խոզ պահելու: 



 



Մշակույթի նախկին նախարարն ասում է` ես տեղյակ չեմ եղել այն փաստաթղթից, որ Միկոյանը խնդրել է ավելի շատ հայերի գնդակահարել եւ աքսորել: Այո, մեր սխալն է եղել, որ այսպիսի մշակույթի նախարար ենք ունեցել: Մեր կոպտագույն սխալն է, որ հոտի պես վազել, ձայն ենք տվել այս ավագանուն կամ նրանց ցուցակների առաջին համարներին: 



 



Կրկնվելով պնդեմ, որ այդ որոշումը պետք է շուտափույթ ոչնչացվի, այլապես հաջորդ քաղաքապետը կարող է Տարոնից ավելի մազալու լինել եւ իրականացնել այն: Իսկ Տարոնը, այո, մազալու է, որովհետեւ իր հորից առնվազն լսած պետք է լինի այն մասին, թե ինչպես էր սովետական իշխանությունը հետապնդում Անդրանիկ Մարգարյանին ու նրա գաղափարակիցներին:



 



Իմ շատ սիրելի պրոֆ. Բոստանջյանը, որպես հայ, փորձել է հասկանալ Անաստաս Միկոյանին. ասել է՝ ո՞նց կարող էր, հայ լինելով, չսիրել իր երկիրն ու ժողովրդին: Ասել է. դեռ պետք է մտածել` գուցե գնդակահարեին 20 հազարի, եթե չլիներ Միկոյանի` Ստալինին ուղղված նամակը 2 հազարի գնդակահարության խնդրանքով: Բոստանջյանն ասում է` նա աշխարհահռչակ հայ է: Էս ի՜նչ բարի մարդ ես, պրոֆեսոր ջան: Երանի Երեւանի ավագանում մի 3 մարդ գտնվեր, որ կարողանար որեւէ արգումենտ բերել Միկոյանի արձանը դնելուն իր ցանկության առնչությամբ: Չկա: Բոլորը վեր են թռչում, երբ ասում ես` նա հայակեր է եղել: Վա՜յ, չենք իմացել:



 



Ցավն այն է, որ Մոսկվային հաշիվ ունեն ներկայացնելու: Այլապես Միկոյանից առաջ կարող էին Վուդրո Վիլսոնի հուշարձանը կանգնեցնել: Նա էլ աշխարհահռչակ մարդ է եղել, փաստաթուղթ է ստեղծել, որով այսօր էլ կենսունակ է մեր պահանջատիրությունը` որպես ազգ, որպես պետություն, որպես համամարդկային քաղաքակրթության գործոն: Ի՞նչ դերակատարություն ունի Միկոյանն այդ ամերիկացու համեմատ, էլ չեմ ասում այն հայերի, ովքեր ոչնչից պետություն արարեցին:



 



Ես իմ անուշ Հայաստանիիիիիիիիիիիիի…



 



Ցույց տվեք ինձ Չարենցի գերեզմանի տեղը, հետո Միկոյանի արձանը դրեք որտեղ ուզում եք: Ու Չարենցի նման քանի՞սը զոհ գնաց ստալինամիկոյանական սպանդին:



 



Տղերք, ասեմ, որ արդեն լկտիանում եք:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ