Ի՞նչ է կատարվում կալանավայրերում

Ի՞նչ է կատարվում կալանավայրերում

Քրեակատարողական հիմնարկներից ստացվող բողոքները վերջին շրջանում աճել են: Նախօրեին մեզ էին զանգահարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից եւ ասում էին, որ 70 հոգի՝ ցմահ դատապարտյալներ դիմում են հղել արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին՝ խնդրելով հանդիպել իրենց հետ: Նրանք ասում էին, որ նախկին նախարար Հրայր Թովմասյանն այդպես էլ ժամանակ չգտավ հանդիպելու եւ զբաղվելու իրենց հարցով, մինչդեռ բոլոր օրենսդրական ու բարոյակն նորմերն ասում են, որ վաղուց ժամանակն է ցմահ դատապարտյալների խնդիրներին լուծում տալ:



 



Երեկ մեզ հետ կապվեցին նաեւ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալները եւ պատմեցին, որ օրերս կալանավայր է այցելել Շիրակի մարզի դատախազը, զրուցել իրենց հետ, հետաքրքրվել իրենց հարցերով: Մասնավորապես՝ լսել է Համլետ Ղազարյանին, ում մասին մենք գրել էինք, որ տարբեր առարկաներ է կուլ տվել՝ իբրեւ բողոքի նշան: Վերջինիս հաշմանդամության կարգ տալու հետ կապված խնդիրներ են առաջացել, քանի որ կալանավայրից բժշկական համապատասխան տեղեկանք չեն տալիս: Մեզ զանգահարող դատապարտյալները պատմեցին, որ օրերս ստուգում է կատարվել ՔԿՀ-ի խոհանոցում եւ չարաշահումներ են հայտնաբերվել, որ իրենց «փտած կարտոֆիլ են ուտացնում»:



 



Ամբողջ բանն այն է, որ ՔԿՀ-ները՝ Հայկ Հարությունյանի ՔԿ վարչության պետ նշանակվելուց հետո «փակվեցին» հանրության, մասնավորապես՝ լրագրողների առաջ, անձեռնմխելի դարձան արդարադատության նախարարների համար եւ ըստ այդմ՝ այնտեղից ստացվող բողոքների քանակը կտրուկ աճեց՝ ինչպես սովորաբար պատահում է փակ համակարգերի դեպքում: