Ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական լուծում չունի. Ջոն Հեֆերն

Ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական լուծում չունի. Ջոն Հեֆերն

«Այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ», - հայտարարում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այսօր հրապարակած իր տեսաբլոգում՝ նվիրված ղարաբաղյան խնդրին:



«Կրկին հայտնում ենք մեր կարեկցանքը վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների ընտանիքներին և վիրավորներին», - իր հայերեն ուղերձն այսպես է սկսում ԱՄՆ-ի դեսպանը:



Հիշեցնելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջերս արած հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը «այլևս սառեցված չէ», Հեֆերնը շարունակում է․ - «Թե՛ այստեղ, թե՛ Բաքվում մենք կոչ ենք անում բոլորին՝ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր լարվածության նվազեցման և հրադադարը հարգելու համար: Սպառնալիքները և կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Հաշվեհարդարը և հետագա բռնությունները ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը»:



«Զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցն է դադարեցնել բախումները հենց հիմա», - շեշտում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: