Մեռնելը մեզ համար սարսափելի չէ, կարևորը պատիվն ու նամուսն է․․․

Մեռնելը մեզ համար սարսափելի չէ, կարևորը պատիվն ու նամուսն է․․․

Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի Դուգոր գյուղում ապրում էին 4 հազար եզդի ընտանիքներ, նաեւ արաբներ եւ քրդեր: Օգոստոսի 2-ին «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման հետ միասին գյուղի արաբներն ու քրդերը եւս թալանել ու սպանել են եզդի բնակիչներին:



«Մեր հարեւան քրդերն ու արաբները սպիտակ դրոշներ բարձրացրին իրենց տանիքներին, որպեսզի ահաբեկիչներն իրենց հարազատ ընդունեն»,- ասում է 39-ամյա Ֆակիր Ալին՝ Դուգոր գյուղից: Հարձակման հետեւանքով Ֆակիր Ալին եւ նրա ընտանիքը եւս մի քանի օր ապրել են Սինջար լեռան վրա, սովի եւ ծարավի պայմաններում՝ ականատես լինելով սովամահ եղող մանուկների եւ ինքնասպան կանանց:



«100 եզդի աղջիկներ միասին ինքնասպան եղան՝ նետվելով ժայռից: Նրանց համար անտանելի էր միայն այն միտքը, որ կարող էին գերի ընկնել իսլամիստների մոտ եւ պատվազրկվել: Գիտեք, մեզ համար մեռնելը հոգ չէ: Ամեն եզդու համար կարեւոր են իր պատիվն ու նամուսը, որը մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում պահում ենք: Ո՞ւմ է պետք աննամուս կյանքը: Սրանք էին այն պատճառները, ինչի համար աղջիկներն ինքնասպանություն գործեցին»,- արցունքները սրբելով՝ ասում է Ֆակիր Ալին եւ ավելացնում, որ սովամահ մանուկների լացը դեռ ականջներում է, ու դժվար թե կյանքում գա մի օր, որ մոռանա այդ ձայնը: «Աննկարագրելի էր այդ ցավը տեսնել, թե ինչպես է մայրը կտրում իր երակները, որպեսզի զավակը ծարավից չմեռնի: Հուսահատ քայլ էր եզդի մոր կողմից, բայց մայրական սիրուն սահմաններ չկան»,- նկատում է եզդի փախստականը: Ալին փրկության հույս չի ունեցել, ամեն պահ սպասել է, որ իրեն էլ կսպանեն, սակայն Քրդական բանվորական կուսակցության զինյալների աջակցությամբ նա եւ իր ընտանիքը հասել են Թուրքիայի Բաթման քաղաք: Բաթմանում ընտանիքի սննդի հարցը լուծված է, սակայն կա ապաստանի խնդիր:



«Օրվա մեջ պատահում է, որ մի այգուց մեկ այլ այգի ենք տեղափոխվում: Չենք տրտնջում, քանի որ մարդիկ փրկել են մեզ պատվազրկությունից եւ սպանդից»: Ֆակիր Ալիի ընտանիքի անդամները չեն զոհվել, սակայն նրա հորեղբայրը` ընտանիքի 37 անդամների հետ միասին, Դուգոր գյուղում գերի է ահաբեկիչներին, եւ նրանց ճակատագիրը դեռեւս անհայտ է: «Հորեղբորս ընտանիքի ճակատագիրը դեռեւս անհայտ է ինձ: Նրանք պատանդ են իսլամիստներին եւ գուցե արդեն ողջ էլ չեն»,- խեղդվող ձայնով ասում է Ալին: Ինքը՝ Ալին, չի ցանկանում այսուհետ Իրաք վերադառնալ, քանզի համոզված է, որ արաբներն ու քրդերն այլեւս հանգիստ չեն տա իրենց:



Զեմֆիրա ՔԱԼԱՇՅԱՆ