Իշխանափոխության պահանջի organic-ն էլ կա

Իշխանափոխության պահանջի organic-ն էլ կա

Ես մասնակցելու եմ հոկտեմբերի 10-ին Եռյակի հրավիրած հանրահավաքին: Ընդամենը կես ժամ առաջ դեռ մտածոիմ էի` մասնակցեմ-չմասնակցեմ, բայց հիմա արդեն հաստատ որոշեցի` մասնակցելու եմ:



Եռյակից հավաստիացրել են, որ իշխանափոխության պահանջներ երեքն էլ ունեն, և իրենց այդ պահանջի մասին հայտարարելու են օրգանական միասնության մեջ:



Այս տեսակ բան դեռ ոչ ոք չի արել, և իմ հետաքրքրասիրությունը, ճիշտն ասած, շարժվեց:



Մանավանդ հիմա, երբ հայտնի է, որ պարոնայք Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Գագիկ Ծառուկյանը մասնակցելու են հանրահավաքին, ուղղակի հետաքրքրությունից մեռնում եմ, որ տեսնեմ նրանց օրգանական միասնությունը: Ուղեղիս մեջ լիքը հարցեր են պտտվում` տեսնես երեքն էլ խոսելո՞ւ են, թե՞ մեկը միայն կխոսի, որպես մյուս երկուսի հետ մեկ organic միասնություն:



Օրինակ, ձեզ հետաքրքիր չէ՞, թե հատկապես որ օրգանով են այդպես սերտաճել հիշատակված անձինք: Իսկ եթե դա տեղի է ունեցել ուղեղո՞վ: Միանգամայն հնարավոր է, որ խառնել են երեքի մտքերը և հավասարապես բաշխել իրար մեջ: Եվ հիմա, եթե անգամ երեքն էլ ելույթ ունենան, նրանց ասածները օբյեկտիվորեն կլինեն organic կապի մեջ:



Արդեն Գագիկ Ծառուկյանի այսօրվա հարցազրույցից պարզ զգացվում է, որ նա որոշակի organic կապի մեջ է: Ո՞ւմ հետ, դեռ հայտնի չէ, բայց դա շուտով կպարզվի` նայած Մինսկում ինչ ընթացք կստանան Հայաստանի գործերը:



Այն էլ ասեմ, որ Եռյակի անդամների միջև կապի օրգանական տեսակը ես դրական երևույթ եմ համարում: Այդ պայմաններում բոլորի համար էլ դժվար է լինելու ինքնագլուխ հայտարարություններ անելը: Նախորդ հանրահավաքների կիքսերը Երևանում չեն լինի: Ինչի՞ նման էր, երբ մեկը պահանջում էր իշխանափոխություն, մյուսը` արմատական բարեփոխումներ, իսկ երրորդը Սյունյաց աշխարհի մարզպետի պաշտոնանկություն: Հիմա այս ամենը ի մի կբերեն և, ինչպես Եռյակից են ասում, օրգանական միասնության մեջ կպահանջեն իշխանափոխություն:



Կարող է հարց առաջանալ` վերջապես ի՞նչ է նշանակում իշխանափոխության պահանջ` օրգանական միասնության մեջ: Կարծում եմ` ճիշտ չէ այդ հարցն ինձ ուղղելը, որովհետև ես էլ ձեզնից մեկն եմ և, ահա, այդ հարցի պատասխանն ստանալու համար որոշել եմ մասնակցել աննախադեպ եռամիասնության organic հանրահավաքին:



Հա, չմոռանամ ասել, որ եռյակից տեղեկացրել են նաև, որ ՀՅԴ պահանջներն այս organic եռամիասնությունից դուրս են մնացել և չեն հնչեցվելու: Կարծում եմ` ՀՅԴ-ի բախտը հերթական անգամ բերել է:



Ինչևէ, հանրահավաքին կգնամ` կտեսնեմ: